Նիդերլանդների հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նկարահանված ֆիլմը
Կայացել է հոլանդական «Ֆարա» «VARA» հանրային հեռուստաընկերության կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ նկարահանված, 6 մասից բաղկացած, «Արյունակից եղբայրներ» («Bloodbrothers») վերնագրված փաստավավերագրական ֆիլմի 4,5 ժամ տևած մարաթոնային ցուցադրությունը մարտի 20-28-ը Հաագայում անցկացվող «Կարևորություն ունեցող ֆիլմեր» («Movies that Matter») փառատոնի շրջանակներում (Ցուցադրության հղումը կարելի է գտնել հետևյալ հասցով): Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ֆիլմը ներկայացնում է Նիդերլանդներում ծնված, ծագումով հայ և թուրք երիտասարդների կողմից սեփական անցյալի փնտրտուքի, դրա դաժան առերեսման իրական պատմությունը: Նրանք, երկարատև փնտրտուքներից, ինքնաորոնումից ու վկայություններից հետո, հաստատում են կատարված ոճիրը և իրենց հարգանքի տուրքը մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին:
Ֆիլմի ռեժիսոր Քեյս Սխապը ներկայացրել է գաղափարի հղացման և նկարահանումների պատմությունը: Ցուցադրությունից հետո տեղի է ունեցել քննարկում` ֆիլմի հիմնական դերակատարների` Սինան Քանի և Արա Հելիչիի, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Քեյս Սխապի և հոգեբան ու պատմաբան Թոմ Ցվանի մասնակցությամբ: Քննարկման վերջում ներկայացվել է Սինան Քանի և Արա Հելիչի կողմից հեղինակած նույնանուն գիրքը:
Ավելի վաղ՝ մարտի 11-ին, Ամստերդամում տեղի է ունեցել «Արյունակից եղբայրներ» ֆիլմի փակ ցուցադրություն լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որին հետևել է քննարկում (հասանելի է հետևյալ հղմամբ) ֆիլմի ու ֆիլմում բարձրացված հարցերի վերաբերյալ: Վերջինիս մասնակցել են հոգեբան ու պատմաբան Թոմ Ցվանը, սոցիոլոգ և ցեղասպանագետ Ուգուր Ունգյուրը, Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Քրիտոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդեվինդը, «Ֆինանսիեր դախբլադ» թերթի փորձագետ Հայկո Եսայանը, «Թուրք աշխատավորների միության» նախագահ Մուստաֆա Արանչին:
Մարտի 22-ի երեկոյան Նիդերլանդների հանրային հեռուստաընկերության 2-րդ ալիքով սկսվել է «Արյունակից եղբայրներ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի հաջորդական մասերը կցուցադրվեն ամեն կիրակի`մինչև ապրիլի 26-ը: Ֆիլմի հղումը կարելի է գտնել հետևյալ կայքէջում: