Ր. Հովհաննիսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. «Իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում»
«Երեկ ԱԺ-ում միաձայն ընդունվեց հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարություն, շնորհավորում եմ մեր ազգին, մեր պետությանը: Դա ցույց է տալիս, որ մենք կարող ենք մեր ցավը կիսել ուրիշների հետ»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Սրա ակունքում կար Զարուհի Փոստանջյանը, և երբեք պետք չէ մոռանալ նրան, ով առաջին քարն է դնում»,-ընդգծեց «Ժառանգության» առաջնորդը:
Ասուլիսի ընթացքում նա անդրադարձավ նաև ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվանը՝ նշելով, նա աշխարհին ներկայացավ Սարոյանից մինչև Շեքսպիր. «Նրա մահը մեծ կորուստ է, հույս ունենք, որ նրա ժառանգները կշարունակեն իր աշխատանքը»:
Այնուհետև Ր. Հովհաննիդյանն ավելացրեց. «Մեծ պահքի շրջան է, ես ներում եմ Սերժ Սարգսյանին՝ իմ ընտրության գողության համար, սակայն դա չեմ կարող անել ողջ ժողովրդի անունից»:
Անդրադառնալով իր բացակայության ընթացքում կուսակցության ներսում տեղի ունեցող իրադարձություններին, նշեց, որ տեղի է ունեցել միջկուսակցական, ոչ պաշտոնական խորհրդակցություն՝ Հանրապետական կուսակցության նախագահի և «Ժառանգության» վարչության երկու անդամների միջև. «Իմ բացակայության օրերին առօրյա գործունեության համար պատասխանատու էր վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, և թեև կային մեթոդաբանական սխալներ՝ չկշռադատված որոշ գործոններ, հիմնական խնդիրը Արմեն Մարտիրոսյանի և վարչության որոշման մեջ էր»:
«Ժառանգության» առաջնորդի խոսքերով, Արմեն Մարտիրոսյանը և Ռուբեն Հակոբյանը լիազորությունից դուրս չէին, սակայն ինքը չէր գնա նման հանդիպման: Նա ընդգծեց, որ համաձայն չէ Զարուհի Փստանջյանի այն հայտարարության հետ, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը Արմեն Մարտիրոսյանը և Ռուբեն Հակոբյանը որպես հաճախորդ էին գնացել:
«Ես տեղյակ էի այդ հանդիպման հնարավորության մասին: Ես որևէ հրավեր չեմ ստացել Սարգսյանից կամ որևէ այլ մարդուց, բանավոր հրավերը եղել է ԱԺ նախագահից, ինչն ապացուցում է, որ սա միջկուսակցական, ոչ պաշտոնական հանդիպում էր»,- ավելացրեց Ր. Հովհաննիսյանը:
Նա նշեց, «Ժառանգությունը» դեմ է այդ փոփոխություններին, և իրենք ներկայացրել են իրենց դիրքորոշումը:
Խոսելով «Ժառանգության» անդամների միջև առկա տարաձայնություններից ասաց. «Բոլորս էլ սխալներ գործում ենք: «Ժառանգությունը» իր բարձրախոսության համար է վայելում այդ վստահությունը: Թող իրենք իրենց վրա նայեն, իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում, սահմանադրական փոփոխություններ ուզո՞ւմ են, թե` ոչ»: