Ս. Օհանյան. Ադրբեջանական կողմն անցած զինծառայողը խնդիրներ է ունեցել ընտանիքում
«Ծառայողական քննություն է նշանակված, նաև քրեական գործ է հարուցված, ընթացքում ամեն ինչ կպարզվի, եթե մենք կարողանանք, քանի որ նա այստեղ չէ, ընտանիքի միջոցով, մերձավորների միջոցով, այս ստորաբաժանումների անձնակազմի միջոցով բացահայտել իրողությունը, հանրությանը կներկայացնենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով ադրբեջանական կողմն անցած ԼՂՀ պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մասին:
Նա նաև նշեց, որ Անդրանիկ Գրիգորյանի արարքի պատճառը պետք է գտնել նրա ընտանեկան պայմաններում:
«Եթե ճնշումներ եղել են նրա նկատմամբ, ապա ընտանիքում են եղել, և նախնական կարող եմ ասել, որ իր և իր ծնողների միջև լարվածություն է եղել: Ամեն ինչ կբացահայտվի», -նշեց նախարարը։
Ս. Օհանյանը բացառեց, որ բանակում նրա նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունք է եղել, ինչպես նաև դիրքերից նրան առևանգելը, քանի որ դեպքից տասնհինգ րոպե առաջ այդ վայրում զորամասի հրամանատարությունն է եղել:
Նախարարի խոսքով, մի խումբ զինծառայողներ նկատել են, սակայն չեն կարողացել կանխել հակառակորդի կողմն անցած զինվորի փախուստը. «Այն պահին, երբ այդ զինվորը լքել էր դիրքը, մեր զինծառայողներից մի քանիսը տեսել էին, թե ինչպես է նա արագ վազում: Չի ստացվել կանխել: Իսկ այն տեսանյութը, որ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին, ակնհայտորեն հակառակորդի կողմից պատրաստված տեսանյութ էր»:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին ժամը 13:50-ի սահմաններում, ԼՂՀ N զորամասի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանը, զենք-զինամթերքը թողնելով մարտական դիրքում, անցել է առաջնային գիծը և հայտնվել հակառակորդի կողմում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից)։ Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան