ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար միայն մեկ թեկնածու է ներկայացվել
Ավարտվել է Գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար թեկնածուների ներկայացման ժամկետը: ԳԱԱ Հումանիտար գիտությունների բաժանմունքից Panorama.am-ին հայտնեցին, որ միայն Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանի թեկնածությունն է ներկայացված:
Վ. Դևրիկյանի թեկնածությունը դեռ պետք է հաստատվի բաժանմունքի ընդհանուր ժողովում, այնուհետև ԳԱԱ նախագահությունը կատարի ընտրություն: Սակայն դեռևս հստակ ժամկետ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանն այլևս չի կարող պաշտոնավարել, քանի որ լրացել է նրա 65 տարին: Ըստ կանոնակարգի, նախատեսված է թեկնածուների առաջադրման եռաստիճան համակարգ: Ինստիտուտի տնօրենի թեկնածու առաջադրում է հենց Գրականության ինստիտուտը, ԳԱԱ հայ գիտական և հումանիտար գիտությունների բաժանմունքը և այդ ոլորտի ութ ակադեմիկոս՝ յուրաքանչյուրը մեկական թեկնածու: Տեսականորեն կարող է լինել 10 թեկնածու: Այնուհետև առաջադրված թեկնածուների կազմից Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը կատարելու է ընտրություն:
Նշենք, որ Վ. Դևրիկյանի թեկնածությունը տնօրենի պաշտոնում հենց ինստիտուտի աշխատակիցներն են առաջադրել:
Լրագրող, ՀՀ բանակի կապիտան (1994), բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Դևրիկյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը (1986)։ 1989-1993 թվականներին եղել է «Գթություն» բարեգործական կազմակերպության «Լուսավորիչ» թերթի խմբագրի տեղակալ, ապա՝ խմբագիր 1990 թվականից՝ միաժամանակ Մատենադարանի գիտաշխատող, 1993 թվականից՝ նաև «էջմիածին» ամսագրի խմբագրի տեղակալ, 2000 թվականից՝ գլխավոր խմբագիր։ 1988-1994 թվականներին պարբերաբար եղել է «Հայ զինվոր» և «Երկիր» թերթերի հատուկ թղթակից Արցախում, 1994 թվականի փետրվար-հուլիսին՝ Մարտակերտի ռազմաճակատում տեղաբաշխված 5-րդ առանձին մոտոհրաձգային կամավորական բրիգադի օպերատիվ բաժնի ավագ սպա։ Հրատարակել է Ղարաբաղյան շարժմանը և պատերազմին նվիրված հարյուրավոր հոդվածներ։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Նախորդող հրապարակում՝
Գրականության ինստիտուտի աշխատակիցները տնօրենի պաշտոնում առաջադրում են Վարդան Դևրիկյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա