Սիրիայում ապստամբները գրավել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված քաղաքը
Սիրիայում ապստամբները գրավել են պատմական Բոսրա քաղաքը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցուցակում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Սիրիական ռազմական աղբյուրի փոխանցմամբ թեժ մարտերը սկսվել են մարտի 24-ի երեկոյան:
Քաղաքը գտնվում է Հորդանանի և Իսրայելի հետ սահմանային գոտում: Բոսրայի համանուն ամֆիթատրոնը կառուցվել է Հռոմեական դարաշրջանում` 2-րդ դարում: Այն Հռոմեական Արաբիա գավառի մայրաքաղաքն էր:
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցուցակում են հայտնվել Դամասկոսի հին քաղաքը, Հալեպի հին քաղաքը, Պալմիրայի հուշարձանները, Բոսրայի հին քաղաքը, Խաչակիրների Կրակ-դե-Շևալյե և Սալահ Ադ-Դին ամրոցները, ինչպես նաև Հյուսիսային Սիրիայի հնագույն գյուղերը: