Համաճարակի վտանգ չկա, մտահոգիչ է եղել համաճարակի շեմը. Արմեն Մուրադյան
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերջին օրերին հանրապետությունում գրանցված սուր շնչառական հիվանդություններին՝ նշեց, որ համաճարակի վտանգ չկա:
«Համաճարակի վտանգ չկա, մտահոգիչ է եղել համաճարակի շեմը 1.5 անգամ հատած ցուցանիշը, սակայն համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել վիճակը փոխելու ուղղությամբ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ մասնավորապես, առաջարկ է ներկայացվել ԿԳՆ-ին՝ երկարացնել դպրոցական արձակուրդները, քանի որ հիվանդների ու հոսպիտալացված 602 հիվանդների մեծ մասը դպրոցական տարիքի երեխաներ են եղել:
Ա.Մուրադյանի խոսքերով՝ դպրոցական արձակուրդների երկարացման արդյունքում կտրուկ նվազել է հիվանդների թիվը:
Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, նախարարն ասաց, որ դրանք գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում:
«Ամեն օրվա հսկողության արդյունքում հանրապետությունում փակվել են 7 մանկապարտեզներ, որոնցից 5-ը Արագածոտնի մարզում, մեկը՝ Տավուշի մարզում, մյուսը՝ Վայոց ձորում: Փակվել են այն մանկապարտեզները, որտեղ հիվանդ երեխաների թիվը գերազանցել է ընդհանուր քանակի 25%-ը»,-հայտնեց Ա.Մուրադյանը: