Բնապահպանության նախարարությունն Ախթալայում ստուգումներ է իրականացնում. Ճոճկանի պոչամբարի վիճակը լուրջ է. «Փաստինֆո»-
Բնապահպաններն ահազանգում են, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող Ճոճկանի պոչամբարը շատ վատ վիճակում է, նույնիսկ արդեն վթարի է ենթարկվել` էական վնաս պատճառելով:
Բնապահպանության նախարարությունից այս դեպքի մասին «Փաստինֆո»-ին հարցին ի պատասխան հաստատել են այդ տեղեկատվությունը՝ հավելելով, որ վթարը տեղի է ունեցել մարտի 21-ին, վթարից հետո նախարարության ու փրկարար ծառայության աշխատակիցները եղել են դեպքի վայրում, վթարն այս պահին կասեցված է, հետևանքները՝ վերացված:
Ի դեպ, Բնապահպանության նախարարությունից «Փաստինֆո»-ին ասել են նաև, որ նախարարության աշխատակիցները «Ախթալայի ԼՀԿ»-ում ուսումնասիրություններ են սկսել դեռևս մինչև վթարը: Այդ ուսումնասիրությունը դեռ ընթացքի մեջ է, և արդյունքների մասին հայտարարություն կլինի դրանց ավարտին:
«ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը փետրվարի 23-ից «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում» իրականացնում է տեսչական ստուգում, որի ավարտից հետո արդյունքների վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն»,- ասել են նախարարությունից:
Ինչ վերաբերում է վերջին օրերի ահազանգերին, ապա դրանց հիման վրա բնապահպանական պետական տեսչությունn «իրականացրել է ստուգայցեր, կազմվել են համապատասխան արձանագրություններ` ներառելով դրանք ստուգումների մեջ»,- հավելել են բնապահպանության նախարարությունից:
Նշվում է, որ վթարի մասին Փրկարար ծառայության պաշտոնական տեղեկատվության համաձայն, դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը պարզել է, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի «Նահատակ» կոչվող պոչամբարից պոչանքը հոսում է Դեբետ գետը:
«Ախթալային կոմբինատի գործունեությունն առաջին անգամ չէ, որ հայտնվում է հասարակության ու պետական մարմինների ուշադրության կենտրոնում: Կոմբինատի նկատմամբ բնապահպանական տեսչությունը տուգանքի որոշում էր կայացրել դեռևս 2009թ-ին: Տուգանքը վաճրվել է, բայց բնությանը հասցվող վնասները, փաստորեն, մնացել են անփոփոխ:
Ի դեպ, այն մասին, որ կոմբինատի պոչամբարից պոչանքներ են արտահոսում դեպի Դեբեդ, մամուլը պարբերաբար ահազանգել է: Եվ, չնայած դրան, կոմբինատի ղեկավարությունն այժմ աշխատում է բերնեբերան լցված պոչամբարների փոխարեն նորերը հիմնելու ուղղությամբ: Ըստ հրապարակումների, այդպիսիք նախատեսվում է կառուցել Մեծ Այրում և Ճոճկան համայնքներում, ինչին կտրուկ դեմ են տեղի բնակիչները»,-նշված է սկզբնաղբյուր կայքում: