ՏՄՊՊՀ-ն խոշոր ընկերությունների դեմ չի պայքարում, այլ պայքարում է նրանց չարաշահումների դեմ. Շաբոյան
«Շուկաների կենտրոնացվածությունը որոշ ապրանքների գծով կան գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններում, սակայն համաձայն մեր օրենսդրության, ՏՄՊՊՀ-ն խոշոր ընկերությունների դեմ չի պայքարում, այլ պայքարում է նրանց չարաշահումների դեմ»,- այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը` հավելելով, որ որոշ ոլորտներում խոշոր ընկերությունների առկայությունը օբյեկտիվ բնույթ է կրում և պայմանավորված է սուբյեկտիվ պատճառներով:
Մասնավորապես, ըստ նրա, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ խոշոր ընկերություններ ունեն բավականին առավելություններ, և ինքնարժեքը խոշոր ընկերություններում ցածր է: Բացի այդ, խոշոր ընկերությունները ունենալով ֆինանսական ռեսուրսներ` կարողանում են մատակարարման մեծ ցանց ունենալ, իրացման ցանց ապահովել, մարկետինգային և գովազդային ծախսեր կատարել, ինչի արդյունքում էլ ունենում են առավելություններ:
«Շուկաներում իրավիճակի վերաբերյալ, ուզում եմ կրկնել, որ այո, խնդիրներ կան, բայց հանձնաժողովը պատասխանատու է այն խնդիրների համար, որոնք գտնվում են իր իրավասության շրջանակներում: Իհարկե բազմաթիվ խնդիրներ կան, բայց հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ խնդիրները գտնվում են հանձնաժողովի իրավասության շրջանակներից դուրս: Լինում են խնդիրներ, որոնք հետևանք են և ոչ թե պատճառ, իսկ այդ պատճառները գտնվում են տարբեր մարմինների կարգավորման դաշտում»,- ասաց Ա.Շաբոյանը: