ԱՀՀ-ը Կոնգրեսին է ներկայացրել ամերիկահայերի առաջնայնությունները 2016թ.-ի ֆինանսական տարվա համար
Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին նախօրեին հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի առջև, որտեղ նա նախանշել է քաղաքականության 9 կարևոր առաջնահերթություններ ամերիկահայ համայնքի համար 2016թ.-ի ֆինանսական տարում: Համագումարը ԱՄՆ Կոնգրեսին ներկայացնում է ամենամյա հատկացումների վերաբերյալ իր կարծիքը ավելի քան մեկ տասնամյակ: Այս մասին հայտնում է ԱՀՀ մամուլի ծառայությունը:
Երեկվա լսումների ժամանակ Ամերիկայի հայկական համագումարի տնօրեն Բրայան Արդունին նշել է. «Համագումարը կոչ է անում Ենթահանձնաժողովին 40 մլն ԱՄՆ դոլար հատկացնել Հայաստանին: Շարունակական և հուսալի աջակցությունը օգնում է չեզոքացնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակումնների ազդեցությունը: Չնայած այս շրջափակումների, Հայաստանը կարևոր քայլեր է ձեռնարկում հաճախ դժվարին հանգամանքներում և Wall Street ամսագրի ու Heritage հիմնադրամի Տնտեսության ազատության 2015 թվականի ցուցիչում գրավել է 52-րդ տեղը՝ 178 երկրների շարքում»:
Ավելի վաղ այս տարի, ԱՄՆ նախագահը Կոնգրեսին ներկայացրել է իր` 2016 թ. ֆինանսական տարվա բյուջեի հանձնարարականը, որով օգնությունը Հայաստանին կազմում է ընդամենը 22.36 մլն ԱՄՆ դոլար` 2.34 մլն-ով պակաս նախորդ տարվա պահանջից, և որը պահպանում է ռազմական օգնության հավասարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Համագումարի զեկույցում նշվում է 9 հստակ և օբյեկտիվ քաղաքական նպատակներ գալիք` 2016 թ. ֆինանսական տարվա համար, մասնավորապես`Միացյալ Նահանգների օգնությունը Հայաստանին ոչ պակաս քան 40 մլն ԱՄՆ դոլար և նվազագույնը 5 մլն` Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև օգնություն Մերձավոր Արևելքում վտանգի ենթարկված քրիստոնեական փոքրամասնություններին, Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի վերահաստատում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային գործընթացը, Միացյալ Նահանգների ռազմական օգնությունը Հայաստանին, աջակցություն Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանին, տարածաշրջանային էներգետիկայի անվտանգություն, և Միացյալ Նահանգների` Հայոց Ցեղասպանության վերաբերյալ մոտեցումների վերահաստատումը:
Բացի այդ, երեկվա հաշվետվության ժամանակ Արդունին խնդրել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին այցելել Հայաստան:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Համագումարը մեծապես խրախուսում է Կոնգրեսի անդամներին այցելել Հայաստան անմիջականորեն տեսնելու իրողությունները և Թուրքիայի ու Ադրբեջանի` Հայաստանի նկատմամբ շրջափակումների շարունակական ազդեցությունը»,- հայտարարել է Արդունին:
Համագումարի` 2016թ-ի ֆինանսական տարվա ամբողջական զեկույցն՝ այստեղ: