Օդաչուն չի կարողացել մտնել օդաչուների խցիկ. կործանված օդանավի «սև արկղերը» վերծանել են
Մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում կործանված Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus A320-ի «սև արկղերը» վերծանել են և պարզվել է, որ օդաչուներից մեկը չի կարողացել մտնել օդաչուների խցիկ, գրում է New York Times-ը վկայակոչելով իր աղբյուրին:
«Օդաչուն դրսից ուժեղ թակել է դուռը, սակայն ոչ մի արձագանք չկա և այդպես էլ ոչ մի արձագանք չի լինում: Եթե դուք լսեք աուդիո ձայնագրությունը, ապա կզգաք, որ մյուս օդաչուն փորձում է կոտրել դուռը, բայց դա նրան չի հաջողվում», -ասել է լրատվամիջոցի աղբյուրը:
Լրատվամիջոցը նկատում է, որ «սև արկղերը» վերծանումը ավելի շատ հարցեր է առաջացրել՝ հստակ չէ, թե ինչու է օդաչուներից մեկը լքել խցիկը թռիչքի ժամանակ, ինչու երկրորդ օդաչուն չի բացել խցիկի դուռը ու չի արձագանքել դուռը թակող օդաչուին:
Մինչև օդաչուի՝ խցիկից դուրս գալը, որևէ արտառոց իրադարձություն տեղի չի ունենում. օդանավի անձնակազմը պատրաստվում է թռիչքի՝ Բարսելոնայից դեպի Դյուսելդորֆ: Այնուհետև օդաչուներից մեկը դուրս է գալիս խցիկից, սակայն, ձայնագրությունից հստակ չէ, թե ինչու է նա դուրս գալիս խցիկից: Մինչև թռիչքի վերջը իրավիճակն այդպիսին է. դուրս եկած օդաչուն չի կարողանում մտնել խցիկ, իսկ խցիկում եղած օդաչուն չի արձագանքում ձայներին:
Ֆրանսիայի հետաքննությունների բյուրոն հաստատել է ձայների մասին տեղեկությունը, ասել, որ հնչում են դռան թակոցներ, բայց առայժմ չի մանրամասնել կատարվածը:
Ըստ փորձագետների, բարձրության կտրուկ կորուստը և վայրէջքը տևել է ընդամենը 8 րոպե հետևաբար, ըստ պարբերականի, օդանավի շարժիչը գործուն է եղել, հակառակ դեպքում վայրէջքը կլիներ ավելի կտրուկ:
Հիշեցնենք՝ մարտի 24-ին Airbus A320-ի վթարի հետևանքով 150 մարդ մահացել էր՝ նրանց մեծ մասը Գերմանիայի, Իսպանիայի և Թուրքիայի քաղաքացիներ են եղել: