China Daily. «Հայաստանն ու Չինաստանը լայնամասշտաբ պայմանավորվածություններ են ձեռք բերել»
«Չինաստանի և Հայաստանի միջև կապերը ամրապնդող հռչակագիր և շուրջ մեկ տասնյակ համաձայնագրեր են կնքվել»,-անդրադառնալով նախօրեին Հայաստանի և Չինաստանի նախագահների միջև կայացած բարձր մակարդակի բանակցություններին` գրել է չինական առաջատար China Daily պարբերականը:
Պարբերականը երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները որակում է որպես «լայնամասշտաբ»` շեշտադրելով, որ դրանք ներառում են Չինաստանի կողմից Հայաստանին արտոնյալ վարկերի տրամադրումից ընդհուպ մինչև սերտ համագործակցություն կրթության և տուրիզմի ոլորտներում:
«Երկու երկրները պետք է օգտագործեն առևտրատնտեսական համագործակցության ոլորտում առկա պոտենցիալը»,- մեջբերելով Չինաստանի նախագահ Սի Ծինփինի խոսքերը` գրում է պարբերականը:
Պարբերականի փոխանցմամբ` չինական կողմը խրախուսել է իր ձեռնարկություններին` ներդրումներ անելու Հայաստանի Հանրապետության տրանսպորտային և այլ ենթակառուցվածքներում:
Վկայակոչելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը` պարբերականը նշում է, որ Հայաստանի նախագահը Չինաստանի հետ հարաբերությունները անվանել է հայկական դիվանագիտության գերակա ուղղություններից մեկը և հույս հայտնել, որ Մետաքսի ճանապարհ նախաձեռնության շրջանակներում Չինաստանը առանցքային ներդրումներ կիրականացնի Հայաստանում:
Պարբերականի փոխանցմամբ` Չինաստանի նախագահը իր հերթին նշել է, որ Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնել նաև տեխնոլոգիական և սարքավորումների ոլորտներում:
Անդրադառնալով հայ-չինական առևտրատնտեսական հարաբերություններին` պարբերականը վկայակոչում է Չինաստանի վիճակագրական տվյալները և փաստում, որ նախորդ տարվա համեմատ նկատելի է շուրջ 32,5 տոկոսի աճ:
Վերջում պարբերականը հիշեցնում է, որ պետական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային համաժողովին:
Նախորդող հրապարակումներ՝
Այս այցը կարող է բեկումնային լինել ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանի համար. Նաիրա Մկրտչյան
Համատեղ հռչակագիրը՝ որպես հայ-չինական հետագա համագործակցության հիմք և ուղենիշ. Նարեկ Մինասյան
ՀՀ և Չինաստանի միջև համագործակցության, հարաբերությունների զարգացման մասին հռչակագիր է ընդունվել (տեսանյութ)
Պեկինում կայացել են հայ-չինական բարձր մակարդակի բանակցություններ