Է. Քոհեն. «Մեկ դար անց Իսրայելը բարոյապես պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»
Իսրայելցի հոդվածագիր, Բար-Իլանի համալսարանի Միջին Արևելքի հարցերով մասնագետ և ավագ գիտաշխատող Էդի Քոհենը անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին` շեշտադրելով, որ ցեղասպանությունից մեկ դար անց Իսրայելը բարոյապես պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսականների կողմից նախագահ Օբամայի վարչակազմին ուղղված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևին` հոդվածագիրը հույս է հայտնում, որ այնուամենայնիվ, մոտ ապագայում հավանական է ԱՄՆ միանա Հայոց ցեղասպանությունը ճանաչած աշխարհի 21 երկրների թվին:
Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` հեղինակը դիտարկում է անում, որ այն իրականություն դարձավ երիտթուրքերի ազգայնական քաղաքականության արդյունքում: Հեղինակը նաև հավելում է, որ ցեղասպանությունը մեծապես իրականություն դարձավ միջազգային հանրության թողտվության և անտեսման արդյունքում: Այս համատեքստում Քոհենը հղում է անում Նյուրնբերգյան դատավարության փաստաթղթերին` նշելով, որ ըստ այդ փաստաթղթերի` հենց Հայոց ցեղասպանության նկատմամբ միջազագային անուշադրությունը առիթ տվեց Հիտլերին իրականություն դարձնելու հրեաների Հոլոքոստը:
Անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչմանը` հոդվածագիրը նկատում է, որ դրա հիմնական պատճառը Իսրայելի քաղաքական ղեկավարության մտավախությունն էր` չվնասել Թուրքիայի հետ հարաբերությունները: Ըստ հեղինակի, անգամ իսրայելական լրատվամիջոցներին խորհուրդ է տրվել չհրապարակել այդ թեմայի վերաբերյալ հոդվածներ, և խմբագիրները գիտակցաբար Իսրայելի հանրությանը հետ են պահել հայկական ողբերգության մասին տեղեկանալու իրավունքից:
«Իսրայելն՝ ընդհանուր առմամբ, և հրեա ժողովուրդը՝ մասնավորապես, բարոյական պարտավորություն ունեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հոլոքոստում իր ազգի մեկ երրորդը զոհ տված ժողովուրդը չի կարող հերքել մեկ այլ ժողովրդի ցեղասպանությունը, որը կորցրել է իր մոտ երկու երրորդը: Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու բոլոր փորձերը վերջին տարիներին տապալվել են, մեծ մասամբ՝ Թուրքիայի արձագանքի վերաբերյալ Իսրայելի մտահոգությունների պատճառով: Այսօր, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հստակ հակաիսրայելական և հակասեմական գիծ է առաջ տանում, Իսրայելի արտգործնախարարը շարունակում է արհամարհել հայկական հոլոքոստը և սխալ նկատառումների վրա հիմնված անկարևոր քաղաքականությամբ առաջնորդվել»,-գրում է հոդվածագիրը:
Եզրափակելով` հեղինակը վստահեցնում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական և պատմական հիմնավորում կա և որ Հայոց ցեղասպանությունը պետք է ներառվի դպրոցական ծրագրերում: Հոդվածագիրը նաև հիշեցնում է, որ իր կողմից բացված ֆեյսբուքյան էջ գոյություն ունի, որով կոչ է անում Իսրայելի նախագահին և վարչապետին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները