Էրդողանը` ծաղրանկարում. «Բա այսպես չոր ու ցամաք կլինի՞, գոնե մի լրագրող կմորթեինք»
Թուրքիայում հրապարակվող երգիծական «Penguen» ամսագրի հայտնի ծաղրանկարիչները Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով ավելի քան 11 ամսվա ազատազրկման են դատապարտվել:
Ermenihaber.am լրատվականը հղում անելով թուրքական «Թարաֆսըզ բոլգե» կայքին, հայտնում է, որ ծաղրանկարիչներ Բահադիր Բարութերի և Օզեր Այդողանի հեղինակած ծաղրանկարը ներկայացնում է նախագահի մուտքը նոր նախագահական պալատ, որտեղ նրան դիմավորող պաշտոնյան մատներով շրջանակ է ցույց տալիս (նույնասեռականների խորհրդանիշը):
Չնայած ծաղրանկարիչների փաստաբանը հայտնել է, որ նկարում նախագահին վիրավորող որևէ արտահայտություն չկա, այնուամենայնիվ, Բարութերի ու Այդողանի նկատմամբ դատարանը կայացրել է 11 ամիս 20 օրվա ազատազրկման որոշում, որը փոխարինվել է 7000 (մոտ 3000 դոլար) թուրքական լիրա տուգանքով:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ վիրավորանք է դիտվել ծաղրանկարում ոչ այդքան ակնառու ժեստը, մինչդեռ ահա ծաղրանկարում Էրդողանին վերագրվող արտահայտությունը չի համարվել վարկաբեկիչ, մնացել է անարձագանք:
Էրդողանին դիմավորող պաշտոնյան ասում է. «Բարով եք եկել նստավայր, հաջողություն Ձեր գործերին»:
Դրան ի պատասխան Էրդողանն ասում է. «Բա այսպես չոր ու ցամաք կլինի՞: Գոնե մի լրագրող կմորթեինք»: