Ժ. Սեֆիլյան. Վարկերը չվճարելու իմ կոչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց
«Բանկային վաշխառուական այս համակարգից պետք է ձերբազատվենք, այսօրվա բանկային համակարագի վերջը պետք է դրվի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
Նա համոզված է, որ գտնվելու է այնպիսի մեխանիզմ, որ բանկային համակարգ հասկացությունը ծառայեցնի իր նպատակին, ոչ թե հակառակը. «Այսօր ծառայում է մի քանի անհատի, ովքեր կեղեքում են ժողովրդին, կուտակել են մեծ հարստություն»:
Ժ. Սեֆիլյանի խոսքով, անցումային ժամանակաշրջանում կարևորագույն գործերից է լինելու այն օլիգարխներին պատասխանատվության ենթարկելը, ովքեր հարստություն են կուտակել ժողովրդին կեղեքելու միջոցով:
«Երեկ ես շարժման անունից կոչ եմ ուղղել մեր քաղաքացիներին՝ այսօրվանից սկսել բոյկոտել և չվճարել իրենց կողմից վերցրված վարկերը: Անշուշտ, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց իմ այս հայտարարությունը: Շատերն առաջին հերթին հարց էին տալիս, եթե մեկ ամիս հետո իշխանափոխություն չեղավ, ովքե՞ր են վճարելու մեր տույժերը, տուգանքները: Ինձ մատնացույց անելով ասում էին, թե արդյո՞ք ես պատրաստ եմ վճարել այդ տույժերը: Կոչը, որ արվել է իմ կողմից, ընդամենը կոչ է, ոչ մեկին չենք կարող պարտադրել: Շատ լավ գիտակցում ենք, երբ են անում այդ կոչը: Կարող էինք ամիսներ կամ մեկ տարի առաջ անել»,- ասաց նա:
Ժ. Սեֆիլյանը նշեց, որ այդ կոչն այս պահին ավելի շուտ մոբիլիզացիայի բնույթ ունի. «Այսինքն՝ բոյկոտի կոչերը քաղաքացիական անհնազանդության կոնտեքստում են կատարվում, մոբիլիզացիային օժանդակելու բնույթ ունեն»:
Նախորդող հրապարակում՝
Սեֆիլյան. Ապրիլի 24-ին դուրս ենք գալու փողոց, իսկ կվերադառնանք տուն ռեժիմից ձերբազատվելուց հետո