Սեֆիլյան. Ապրիլի 24-ին դուրս ենք գալու փողոց, իսկ կվերադառնանք տուն ռեժիմից ձերբազատվելուց հետո (տեսանյութ)
«Հնարավոր է այս ռեժիմից ձերբազատվել: Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ այս ռեժիմը եղել է ու մնալու է, ես չեմ կարող հակառակը համոզել, բայց ովքեր հավատում են մեր ուժերով արմատական փոփոխություններ իրականացնելուն, կարձագանքեն մեր կոչերին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նշեց, որ պետք է երկրում ձևավորվի այնպիսի իշխանություն, որը վստահություն կներշնչի:
«Իսկ թե ինչպես ենք ձերբազատվելու այս ռեժիմից, ասեմ, որ որևէ գյուտ չենք անելու, միայն ու միայն ժողովրդի կամքով է հնարավոր ազատվել ռեժիմից: Որդեգրել ենք այնպիսի մարտավարություն, որը կկրի խաղաղ բնույթ: Մենք հասնելու են մեր նպատակին ժողովրդին մոբիլիզացնելու միջոցով: Նման դեպքում հակառակ կողմն ուզի, թե չուզի կամ պետք է գնա կոմպրոմիսի, կամ դիմի բռնի ուժի: Եթե համաձակվեն բռնի ուժ կիրառել, կստանան համապատասխան բռնի պատասխան: Հավանականությունը քիչ է, որ բռնության կդիմեն»,- ասաց նա՝ հավելելով, որ ճիշտ չէ այս պահին բացել իրենց որդեգրած մարտավարության բոլոր փակագծերը:
Ժ. Սեֆիլյանն ընդգծեց, որ ապրիլի 24-ին որևէ խժդժություն չեն անելու ոչ Երևանում, ոչ էլ այլ քաղաքներում, որևէ կերպ չեն խանգարելու կազմակերպվելիք միջոցառումներին, հարգելու են զոհերի հիշատակը, իսկ օրվա երկրորդ կեսին կսկսվի մոբիլիզացիան:
«Շատ բան կախված է լինելու մոբիլիզացիայի քանակից: Մենք այդ օրը դուրս ենք գալու այլևս տուն չվերադառնալու պայմանով: Շուրջօրյա հավաքներ են լինելու: Կվերադառնանք տուն այն ժամանակ, երբ հաջողվի ձերբազատվել այս ռեժիմից: Կարծում եմ՝ օրերի հարց է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս պայքարին մոտենում են որպես ազգային ազատագրական պայքարի:
«Իհարկե, այդ պայքարի ընթացքում ամեն ինչ հնարավոր է: Մենք չենք կարող խոստանալ, որ ամեն ինչից մեզ հաջողվելու է զերծ մնալ, որևէ մեկը չի վնասվելու: Բոլորս գիտակցենք, թե ինչպիսի ընթացք է սա: Ինչ էլ լինի, ինչ զոհողություն էլ լինի, չպետք է այն լինի անիմաստ, պետք է հասնել արդյունքի: Անշուշտ, պատասխանատվությունը վերցնում ենք մեզ վրա»,- ասաց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդը:
Իսկ թե ովքե՞ր են լինելու հարթակում, Ժ. Սեֆիլյանն ասաց, որ այժմ նոր դեմքեր, երիտասարդներ ի հայտ գալու ժամանակն է. «Եթե Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանն էլ լինեն հարթակում, օգուտ բերած կլինեն մեր պայքարին»:
Ժ. Սեֆիլյանը տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթ օրը Գյումրիում տեղի կունենա իրենց հանրահավաքը: Նա նշեց, որ Գյումրիի քաղաքապետարանն իրազեկումն ընդունել է ի գիտություն, հետևաբար, եթե որևէ սադրանք տեղի ունենա, միայն ու միայն վերագրվելու է իրավապահ մարմիներին. «Կոչ եմ անում Գյումրիի պատկան մարմիններին լինել հավատարիմ իրենց կոչմանն ու առաքելությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան