Կառավարությունը կփորձի օգնել ռուբլի/դրամ տատանումների հետևանքով վնասներ կրած 20 ընկերության
Առաջիկա օրերին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ռուբլի/դրամ տատանումների հետևանքով վնասներ կրած հայկական 20 ընկերության կփորձի ինչ-որ ձևով աջակցություն ցուցաբերել: «Իրավիճակն ապրանքային շուկայում՝ պայմանավորված ռուբլի/դրամ տատանումներով» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը:
«Հայաստանի գործատուների միության կողմից 20 ընկերության կրած վնասների վերաբերյալ տվյալներ ենք ստացել: Ներկայումս ուսումնասիրում ենք դրանք: Նախատեսում ենք մասնավոր հատվածի հետ համատեղ քննարկումներ կազմակերպել, որպեսզի միասնական լուծումներ գտնենք: Առաջիկա օրերին որոշ առաջարկություններ կփորձենք ձևակերպել, որոնք ընկերությունների կրած վնասներն ինչ-որ ձևով կմեղմեն»,- ասաց նա:
Ա. Եգանյանի խոսքով, որպեսզի նմանատիպ իրավիճակներում ձեռնարկությունները լուրջ վնասներ չկրեն, պետք է միաժամանակ իրականացնեն նաև այնպիսի աշխատանք, որի արդյունքում կարողանան դիվերսիֆիկացնեն իրենց արտահանման շուկաները, որը որոշակիորեն կապահովագրվի նման ռիսկերից, այսինք՝ կախվածություն չեն ունենա մեկ շուկայից:
«Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակում որդեգրված է այդ սկզբունքը, որը պետք է նպաստի ինչպես արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացմանը, այնպես էլ արտահանվող ապրանքների: Արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացիան նույնպես շատ կարևոր է երկրի ընդհանուր արդյունաբերության տեսանկյունից»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետը:
Նախորդող հրապարակում՝
Վազգեն Սաֆարյան. Չինական ուղղվածությունը պետք է զարգանցել