Լոս Անջելեսի քաղխորհուրդը Օբամային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է անում
Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամներ Փոլ Գրիգորյանը, Միթչ Օ’ֆարելը, Փոլ Քորեթսն ու քաղխորհրդի նախագահ Հերբ Վեսոնը ներկայացրել են համատեղ բանաձև` աջակցություն հայտնելով ԱՄՆ Ներկայացուցիչների տան 154-րդ «Հայոց ցեղասպանության ճշմարտություն և Արդարություն» բանաձևին: Այս մասին հայտնում է «Ասպարեզ» պարբերականը:
Քաղխորհրդի բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կատարել խոստումը, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ստիպել Թուրքիայի կառավարությանը ճանաչել փաստերն ու ցեղասպանության շարունակվող հետևանքները:
Բանաձևի տեքսում մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանությունը սկսվել է ապրիլի 24-ին` Օսմանյան Թուրքիայի պաշտոնյաների կողմից հայ մտավորականների, քաղաքական գործիչների և հոգևորականների ձերբակալությամբ, ինչին հետևել է տղամարդկանց, կանանց և երեխաների զանգվածային ջարդերն ու աքսորը` դեպքեր, որոնք կրկնվել են Հոլոքոստի ժամանակ, Կոմբոջայում, Ռուանդայում, Հարավային Սուդանում և մյուս այլ ցեղասպանությունների ժամանակ: 1915-1923 թվականներին իրականացված ցեղասպանության արդյունքում շուրջ 2 մլն հայ աքսորվեցին և 1.5 մլն-ը սպանվեցին, 500 հազար վերապրածներ տեղահանվեցին, և պատմական հայրենիքից վերացրեցին հայերի 3000-ամյա ներկայությունը»:
Բանաձևը ներկայացվելու է Կանոնների ընտրությունների և միջկառավարական հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ հավանդության արժանանալու դեպքում քվերակության կուղարկվի Քաղխորհուրդ:
Հիշեցնենք, որ «Հայոց ցեղասպանության ճշմարտություն և Արդարություն» բանաձևի հեղինակներն են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ռոբերտ Դոլդը, Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադոն, Ֆրենկ Փալոնը և ևս 40 կոնգրեսական: