Թմրանյութը դարձել է ադրբեջանական ընտանիքի ամենամեծ աղետը. ադրբեջանցի պատգամավոր
Մի քանի տարի առաջ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանում թմրանյութ է օգտագործում միջնակարգ դպրոցների աշակերտների ավելի քան 30 տոկոսը: Ադրբեջանում դա զրպարտանք համարեցին, սակայն կատարված ոչ պետական մակարդակի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դա իրականությունն արտացոլող տեղեկատվություն էր: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Virtualaz.org պորտալը` հղում կատարելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի սոցցանցային գրառմանը:
Պատգամավորը գրել է, որ Ադրբեջանում թմրանյութեր օգտագործողների թիվը մեծացնել է նախատեսող հատուկ ծրագիր է կյանքի կոչվում, և շատ դեպքերում թմրանյութը դրսից Ադրբեջան է ուղարկվում անվճար: Ըստ նրա` թմրանյութը դարձել է ադրբեջանական ընտանիքի ամենամեծ աղետը: Մուստաֆան ահազանգում է, որ Ադրբեջանում մեծ տոկոս է կազմում նաև ծխողների թիվը, ինչի վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չի հրապարակվում:
«Մի քանի տարի է, ինչ Ադրբեջանի ծխախոտի մաֆիան խոչընդոտում է հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին խորհրդարանում օրենքի ընդունմանը: Ադրբեջանում մեծ է նաև հարբեցողների թիվը: Աճում է ծխող, հարբեցող ու թմրանյութ օգտագործող կանանց թիվը: Ադրբեջանում արձանագրված սպանությունների, ինքնասպանությունների, այլ քրեական հանցանքների, ընտանիքների քայքայման, մարմնավաճառների թվի ու վաղաժամ մահերի աճի հիմնական պատճառը թմրանյութերն ու ոգելից խմիչքներն են, ինչի դեմ պետությունն ու հասարակությունը չեն պայքարում»,- տարակուսել է նա: