Կանադայի խորհրդարանում ներկայացվելու է ապրիլը ցեղասպանությունների հիշատակման ամիս հռչակելու բանաձևը
Մարտ 26-ին Կանադայի խորհրդարանի անդամ և Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Բրեդ Բաթը հրապարակել է 587-րդ բանաձևը, որը ներկայացնելու է Կանադայի խորհրդարանի առաջիկա նիստին: Բանաձևով կոչ է արվում Կանադայի տարածքում ապրիլը հռչակել ցեղասպանությունների հիշատակման ամիս: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն:
Բանաձևում նշվում է, որ Ներկայացուցիչների պալատը պետք է վերահաստատի.
«-Հոլոքոստի հիշատակման օրվա հռչակագիրը (C-24), որն ընդունվել է 2003 թվականի նոյեմբերի 7-ին:
-Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (M-380), որն ընդունվել է 2004 թվականի ապրլի 21-ին:
-Ռուանդայի ցեղասպանության բանաձևը, որն ընդունվել է 2008 թվականի ապրլի 7-ին:
-Ուկրաինայի Սովասպանության (Հոլոդոմոր) հիշատակման հռչակագիրը (C-459), որն ընդունվել է 2008 թվականի մայիսի 29-ին:
Ներկայացուցիչների պալատը Կանադայի կառավարությանը կոչ է անում բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը հարգել ապրլին` այն հռչակելով ցեղասպանության հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս: Բանաձևով Կանադայի ներկայացուցիչների պալատը ապրլի 7-ը պետք է ճանաչի որպես Ռուանդայի ցեղասպանության հիշատակման օր, ապրիլ 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր, հրեական լուսնայի օրացույցով ճշտված օրը Հոլոքոստի հիշատակման օր, իսկ նոյեմբերի 4-րդ շաբաթը` Ուկրաինայի սովասպանության հիշատակման օր»: