Ժիրայր Դադասյան. Պետք է գումար տրվի աշխատող մարդուն
Թատրոնը չի կարող երբևէ դադարել գոյություն ունենալ, քանի որ թատրոնը շատ կարևոր հանրային խնդիր է կատարում իր գոյությամբ, ներկայությամբ, կենդանի շփումով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
«Թատրոնը մարդու հոգևոր զարգացման ամենակարևոր երևույթներից է: Թատրոնը սինթետիկ արվեստ է, իր մեջ ներառում է պար, երաժշտություն, գեղանկարչություն, շարժում: Թատրոնը զարգացնում է մարդու երևակայությունը, տալիս է զգացումներ»,- ասաց նա:
Ժ. Դադասյանն ընդգծեց, որ թատրոնը քաղաքային երևույթ է. «Այսպես էլ պետք է լինի: Սակայն այն մթնոլորտը, որ այսօր առաջացել է բնակիչների մեջ, քաղաքը դարձրել է մի քիչ գյուղ: Չենք կարողանում տարանջատել քաղաքային մշակույթի էլեմենտները, ասենք, օրինակ, ազգագրական էլեմենտից: Պետք է տարանջատեք քաղաքային մշակույթը»:
Ըստ նրա, քաղաքային մշակույթը զարգացնելու ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն. «Մեծ բյուջներ չունենք, որ ամեն ինչին փող տանք, պետք չէ ամեն ինչի գումար տրվի: Պետք է մշակվի քաղաքականություն, ընդգծվեն առաջնահերթությունները, գումարը նպատակին ուղղվի, պահանջվի արդյունքը, այլապես ամեն ինչին մի քիչ, մի քիչ գումար տալով՝ ընդհանրապես կոչնչացվի եղածը: Պետք է գումար տրվի աշխատող մարդուն»:
Ինչ վերաբերում է, առհասարակ, այսօրվա թատրոնին, Ժ. Դադասյանն ասաց, որ այնպիսին է, ինչպիսին մեր միջավայրը. «Պետք է ձևավորվի մշակութային միջավայր: Իհարկե, հատուկենտ բռնկումներ կան, սակայն միջավայրը թույլ չի տալիս, որ համընդհանուր զարգացում ապրի: Տարբեր անհատներ փորձում են որևէ բան անել, բայց ուժերի գերլարումով»:
Արվեստագետը միաժամանակ ընդգծեց, որ ռաբիզը, «ԿՎՆ»-ներն ավերիչ նշանակություն ունեցան. «ԿՎՆ-ային հումարը սկսվեց ընկալվել իբրև պրոֆեսիոնալ արվեստ, բոլորը սկսեցին զբաղվել դրանով, մարդու հետաքրքրությունը պրոֆեսիոնալ թատրոնի նկատմամբ իսպառ կորավ: Այն, ինչը պրոպագանդվում է, ունենում է իր հանդիսատեսը»:
«Եթե տեղի ունենա վեհացում, հոգևոր արժեհամակարգի վերադասավորում, այն իր անմիջական ազդեցությունը կունենա տնտեսության, բժշկության, առհասարակ, բոլոր ոլորտների վրա: Այդ ամենը փոխկապակված են: Մարդիկ, շփվելով պրոֆեսիոնալ թատրոնի հետ, փրկվում են, իրենց պահպանում են բացասական այն էներգետիկայից, ինֆորմացիոն այլանդակ հեղեղից, որն այսօր մեզ շրջապատում է»,- ասաց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Ժ. Դադասյանն այն կարծիքին է, որ այսօր պետք է դպրոցներում դասավանդել գրաբար: Ըստ նրա, այդ դեպքում երեխաների և մտածողությունը, և խոսքը կփոխվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան