Ինքնատիպ ֆոտոպատմություն՝ «Genealogy» խմբի անդամների մասնակցությամբ (լուսանկարներ)
«Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի 6 արտիստների մասնակցությամբ հետաքրքիր և յուրօրինակ ֆոտոպատմություն է նկարահանվել Հայաստանում: Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հավատարիմ մնալով եվրատեսիլյան հայաստանյան այս տարվա մասնակցության ձևաչափին՝ «Genealogy»-ն ներկայացնում է իր ծագումնաբանությունը: Խմբի անդամներն իրենց մեջ կրում և փորձում են եվրոպացի հանդիսատեսին ներկայացնել նաև հայկական մշակույթի հարուստ ժառանգությունը: Ֆոտոսեսիան իրականացվել է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու բակում, որտեղ ներկայացվում է նաև հայկական, ազգային մշակութային ավանդույթները, հայկական ճարտարապետության առանձնահատկությունները, գրավչությունը, ինչպես նաեւ քանդակագործության յուրօրինակությունն ու ինքնատիպությունը:
Ֆոտոսեսիայի ոճաբանն է Արմեն Գալյանը, լուսանկարիչ՝ Ռուբեն Մարտիրոսյան:
Արմեն Գալյանը մասնակիցների հագուստներում համադրել է սևի և մոխրագույնի տարբեր երանգներ, իրարից տարբեր գործվածքներ, ինչի շնորհիվ էլ միապաղաղ գունային գամման ստացել է ավելի եռաչափ տեսք:
Հագուստը կարվել է այժմ նորաձև համարվող պարզ ձևվածքով, ավելի մեծ չափսի, ընդգծված ուսերով: «Մենք համադրել ենք եվրոպական և հայկական նորաձևության միտումները, զուգակցել արդիականն ու ավանդականը: Փորձել ենք ստանալ ժամանակակից համարվող, ինչպես նաև հայկական արմատները միաձուլող կերպարներ: Ընտրված թեման շատ նորաձեւ է»,- ասել է նա:
Կերպարն ընդգծելու և ամբողջացնելու համար օգտագործվել են մեր սփյուռքահայ և հայաստանցի մասնակիցների տատիկների, պապիկների հին լուսանկարներով ու հայկական ճարտարապետության, Մուղնիի եկեղեցու զարդանախշերով պատրաստված հատուկ կրծքանշաններ, որոնք խորհրդանշում են «Genealogy» խմբի անունը, հայաստանյան մասնակցության ձևաչափի հիմքում ընկած ծագումնաբանության գաղափարը, հայ ժողովրդի դարավոր մշակույթի առանձնահատկությունները:
Լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանն էլ, ոգեշնչվելով եվրատեսիլյան «Face The Shadow» երգից, յուրովի կարողացել է յուրաքանչյուրի կերպարը դարձնել ստվեր:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո:
Հիշեցնենք, որ Հայաստանն մրցույթին այս տարի ներկայանում է նոր ձևավորված «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանի մասնակիցը համախմբում է թերթիկները: Եվրոպա աշխարհամասը ներկայացնում է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան` Թամար Կապրելյանը, Աֆիկան` եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան՝ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը, Հայաստանը՝ Ինգա Արշակյանը: