Փոքր ՀԷԿ-երը հայտնվել են ծանր կացության մեջ. «ՀԺ»
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մինչ օրս չի վճարել դեռ այս տարվա հունվարի 1-ից փոքր ՀԷԿ-երից գնած էլեկտրաէներգիայի դիմաց: Սա աննախադեպ իրավիճակ է՝ մինչ այժմ «ՀԷՑ»-ը միշտ վճարել է ՓՀԷԿ-երին մինչև հաջորդ ամսվա 20-ը:
Իրենց հասանելիք գումարները չստացած ՓՀԷԿ-երը հայտնվել են ծանր կացության մեջ: Նրանցից շատերը վարկային պարտավորություններ ունեն, որոնք կատարվում են յուրաքանչյուր ամիս: Որոշները վարկեր ունեն արտասահմանյան բանկերին:
Իրավիճակը պարզաբանելու «Հայկական Ժամանակ»-ի խնդրանքին ի պատասխան՝ «ՀԷՑ» մամլո պատասխանատու Նատալյա Սարջանյանը հաստատել է ՓՀԷԿ-երին գումարներ չվճարելու փաստը և տեղեկացրել է, որ դա ֆինանսական բարդ վիճակի հետևանք է:
Ըստ Սարջանյանի, ներկայում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրավիճակից դուրս գալու որոշակի տարբերակներ է քննարկում: Այժմ փոքր ՀԷԿ-երի նկատմամբ «ՀԷՑ»-ի կուտակած ընդհանուր պարտքը արդեն մի քանի մլն դոլար է կազմում:
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, այս չվճարումները ոչ միայն «ՀԷՑ»-ի ֆինանսական վատ վիճակի հետևանք են, այլ պայմանավորված են այդ ընկերության վաճառքի գործընթացով: Ներկայում «ՀԷՑ»-ը աշխատում է հնարավորինս քիչ վճարումներ կատարել մինչև սեփականատիրոջ փոփոխությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին