Ռուսաստանյան «ՏՏ գագաթնաժողով 2015»-ը կանցկացվի Հայաստանում
Ռուսաստանի համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ընկերակցության «ՏՏ գագաթնաժողով 2015. ոլորտի առաջնորդների հանդիպում» համաժողովի շրջանակներում առաջին գործնական հանդիպումը տեղի կունենա «Այբ» դպրոցում ապրիլի 1-ին: Այս մասին տեղեկացնում են «Այբ» կրթական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Այբ» կրթական հիմնադրամի գործունեությունը, և տեղի կունենա նոր սերնդի ձևավորման և «ուղեղների» արտահոսքի խնդրի թեմաների շուրջ քննարկում:
Ռուսաստանի ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները կծանոթանան կրթական նոր լուծումներին, կկարողանան նոր բիզնեսի հնարավորություններ ու համագործակցության ուղիներ գտնել, նոր կապեր հաստատել տեղի ընկերությունների հետ:
Ռուսաստանյան «ՏՏ գագաթնաժողով 2015. ոլորտի առաջնորդների հանդիպում» համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Այն տեղի կունենա ապրիլի1-3-ը: Համաժողովին մասնակցելու են Ռուսաստանից ժամանած մոտ100 առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողովը Ռուսաստանի ՏՏ ընկերակցության հիմնական միջոցառումն է և անցկացվում է 2003 թվականից։
ՏՏ համաժողովի հիմնական նպատակն է ամփոփել ՌԴ նախորդ տարվա ՏՏ ոլորտի արդյունքները, քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին օժանդակելու հայկական և ռուսական քայլերի արդյունավետությունը, ՏՏ բիզնեսի հնարավորությունները նոր պայմաններում, ՏՏ բիզնեսում փոխըմբռնման հեռանկարները, ինչպես նաև կրթությանը վերաբերող հարցեր:
Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու Հայաստանում գործող ՏՏ կազմակերպությունների հետ և գտնելու համագործակցության եզրեր: Մասնակիցները նաև կծանոթանան Հայաստանի հարուստ պատմությանը, մշակութային ու ճարտարապետական հուշարձաններին և հիանալի խոհանոցին:
«ՏՏ գագաթնաժողով 2015»-ի կազմակերպիչներն են Ռուսաստանի համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ընկերակցությունը (АПКИТ) և Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)։ Հայաստանյան գործընկերն է «Այբ» կրթական հիմնադրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում