«Հայաստանում արյունաբանական ծառայությունը արդիականացման փուլում է»
«Արյան ուռուցքային հիվանդությունների ժամանակակից ախտորոշում, կանխատեսում և կառավարում` ցողունային բջիջների փոխպատվաստման շեշտադրմամբ». այս խորագիրն ունի այսօր մեկնարկած եռօրյա ուսուցողական համաժողովը։ Սա Եվրոպական արյունաբանական ասոցիացիայի 36-րդ կրթական միջոցառում է` այս անգամ կազմակերպված հայ գործընկերների` Հայկական արյունաբանական ասոցիացիայի հետ համատեղ։
ԱՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ողջունելով համաժողովի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշել է, որ Հայաստանում արյունաբանական ծառայությունը ներկայումս արդիականացման փուլում է և որ մոտ ապագայում կունենանք եվրոպական չափորոշիչներին համապատասխանող Արյունաբանական կենտրոն, որտեղ հնարավոր կլինի իրականացնել բարձր դեղաչափային քիմիաթերապիայի, ոսկրածուծի ու ցողունային բջիջների փոխպատվաստում, կտեղակայվի միջազգային չափորոշիչներին համապատասխանող ցողունային բջիջների պատրաստման և սառեցման լաբորատորիա։
«Հատկապես այս պարագայում դժվար է գերագնահատել բժշկագիտության կարևոր, ամենաարագ զարգացող այս խնդիրներին առնչվող ժամանակակից մոտեցումների, առողջապահության համաշխարհային կազմակերպության սկզբունքների քննարկումների կարևորությունը։ Համաժողովը հերթական անգամ փորձի փոխանակման, հաջողությունների և խնդիրների մատնանշման հնարավորություն կընձեռի»,-ասել է փոխնախարարը։
Փոխնախարարը նաև նշել է, որ բուժաշխատողների մասնագիտական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները` ինչպես բոլոր երկրների, այնպես էլ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման և բնակչությանը որակյալ բժշկական ծառայությունների տրամադրման կարևոր բաղադրիչներից են:
Համաժողովին մասնակցել են բազմաթիվ անվանի մասնագետներ, որոնք հանդես են գալու դասախոսություններով, ներկայացնելու են արյունաբանական մի շարք հիվանդությունների բուժման նորագույն մոտեցումները և իրենց պրակտիկայից վերցված իրական դեպքեր։ Մանրամասն անդրադարձ կլինի արյան համակարգի տարբեր հիվանդությունների ժամանակ ցողունային բջիջների փոխպատվաստման ցուցումներին և կիրառմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա