Հայկական երիտասարդական դաշնության անդամները հակաթուրքական թռուցիկներ են բաժանել Բուենոս Այրեսում
Հարավային Ամերիկայի Հայկական երիտասարդական դաշնության անդամները, հավաքվելով Արգենտինայի միջազգային հարաբերությունների խորհրդի շենքի մոտ, հակաթուրքական բովանդակությամբ թռուցիկներ են բաժանել` այս կերպ խոչընդոտելով Արգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Կարակասի կողմից Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին զեկույցի ներկայացմանը: Փոխանցում է «Ասբարեզ» պարբերականը:
Բաժանված թռուցիկներով հայ երիտասարդները փորձել են Արգենտինայի հասարակությանը տեղեկացնել Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության «իրական պատկերի» մասին` ներառյալ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:
«Թուրք-ադրբեջանական ժխտողական լոբբին շարունակում է ստեր տարածել` այդ հարցում ներգրավելով գիտնականների, քաղաքական գործիչների ու լրագրողների»,- նշված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Դաշնության անդամ երիտասարդները բարձրաձայնել են Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների, ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունների, կանանց իրավունքների խախտումների մասին, ինչպես նաև Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման մասին:
Երիտասարդները հիշեցրել են նաև, որ 2014թ. սեպտեմբերին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները համատեղ հայտարարել են, որ 2015-ին անելու են ամեն ինչ, որպեսզի ի չիք դարձնեն Հայոց ցեղասպանության «առասպելը»: