Արցախի նախագահը` խորհրդարանական ընտրությունների մասին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որին մասնակցել են հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, քաղաքական ու հասարակական հատվածների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Իր խոսքում նախագահը մայիսի 3-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները որակել է որպես պետության կյանքին ու կենսագործունեությանը վերաբերող կարևորագույն գործընթացներից մեկը:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմիններին ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ պետք է արվի հնարավորը, որպեսզի ընտրություններն անցնեն խիստ համապատասխան գործող օրենսդրության տառին ու ոգուն և ապահովվի քաղաքացիների ընտրական իրավունքների լիարժեք իրականացումը: Բակո Սահակյանի խոսքով՝ Արցախում միշտ եղել են օրինակելի ընտրություններ, և այս ընտրությունները ևս պետք է լինեն այդպիսին:
Երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է, որ չնայած քարոզարշավի ընթացքում գաղափարների և մտքերի մրցակցությունն ու բանավեճերն անխուսափելի են, այնուամենայնիվ դրանք պետք է տեղի ունենան քաղաքակիրթ ճանապարհով, փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
Խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան