Stratfor. «Թուրքիայում նշանակալի քաղաքական մարտահրավերներ են հասունանում»
Stratfor ամերիկյան վերլուծական կենտրոնը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարված Թուրքիայի ներքաղաքական վերջին զարգացումներին և այդ երկրի շուրջ տիրող աշխարհաքաղաքական իրավիճակին:
Վերլուծական կենտրոնի փորձագետները նկատում են, որ վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրան քաղաքական դաշտ բերած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամների հարաբերություններում աճող լարվածություն է հասունանում:
Փորձագետները այս իրավիճակը պայմանավորում են Էրդողանի` վարչապետից երկրի նախագահի խորհրդանշական պաշտոնին անցնելու գործընթացով և այդ տրանսֆորմացիայի ընթացքում ի հայտ եկող խնդիրներով:
«Սա ինչ-որ առումով նորմալ քաղաքականություն է, բայց այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում մեծ նշանակություն ունի, իսկ Թուրքիայի կառավարության և խարիզմատիկ առաջնորդի միջև ճեղքվածքի հնարավորության մասին կարծիքն արդեն գերիշխում է թուրքական մամուլում»,- գրում է Stratfor-ը:
Այնուհետև վերլուծական կենտրոնը հիշեցնում է, որ թեև ժամանակին Ահմեդ Դավութօղլուն խոսում էր հարևանների հետ զրո խնդիրների մասին, սակայն Թուրքիան այսօր ճիշտ հակառակի հետ է բախվում, իսկ սահմաններում իրավիճակի լարվածության աճի դեպքում որևէ երաշխիք չկա, որ Թուրքիան չի ներքաշվելու այդ հակամարտությունների մեջ:
Շարունակելով ներքին և արտաքին քաղաքական հարցերում Թուրքիայի հավասարակշռություն պահպանելու կարողության մասին` փորձագետները նշում են, որ իր կառավարման ժամանակաշրջանի սկզբում Էրդողանը կարողանում էր հավասարակշռություն պահպանել աշխարհիկության եւ իսլամականացման միջև, տարածաշրջանային գերտերության դիրքի և տարածաշրջանային հակամարտության մեջ ներգրավվելու միջև, արևելյան Թուրքիայի աղքատության և Ստամբուլի հարստության միջև: Ըստ վերլուծաբանների` սա ինչ-որ կերպ աշխատեց, սակայն «ոչինչ հավերժ չէ»:
«ԱԶԿ-ն ավելի պակաս ճանաչված դարձավ, իսկ մինչ այդ թուլանում է երկրի տնտեսությունը: Քաղաքական հարթակում Էրդողանի երկարատև ներկայությունը նվազեցրեց, թեկուզ որոշ չափով, նրա ստացած աջակցության մի մասը: Խնդիրն այն է, որ չկա որևէ մեկը, որը կկարողանա փոխարինել նրան, որպեսզի իր իսկ կողմից ստեղծված հեղինակության իշխանությամբ պայքարի Թուրքիայի շուրջ և երկրի ներսում տիրող ճգնաժամերի դեմ: Դա չարտահայտված իրականություն է, որը կուսակցության ապագայի շուրջ շահարկումների տեղիք տվեց, որոնց, սակայն, այլ իրավիճակում հնարավոր կլիներ ուշադրություն չդարձնել»,- գրում են փորձագետները:
Կենտրոնանալով Էրդողան-Դավութօղլու քաղաքական տարաձայնությունների վրա` փորձագետները նկատում են, որ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Էրդողանին այդպես էլ չի հաջողվում հրաժարվել այն մտքից, որ ինքը չէ կառավարության իրական ղեկավարը: Այս հանգամանքը, ըստ վերլուծական կենտրոնի, Էրդողանի գլխավոր խնդիրներից մեկն է:
«Այդ ծնվող փոքրիկ քաղաքական ճգնաժամը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ նախագահն ուղղակիորեն չի կառավարում: Դա անում է վարչապետը: Բայց նրանք մերձավոր դաշնակիցներ են, իսկ Դավութօղլուն կրտսերի դերում է: Այդ պատճառով Էրդողանը, սովորույթի համաձայն, իրեն կառավարության գործող ղեկավար է համարում: ԱԶԿ-ում կան մարդիկ, ովքեր դեմ են դրան, հիմնականում նաև այն պատճառով, որ տեսնում են առաջիկա ընտրություններում ակնկալվող աղետը»,- եզրակացնում են փորձագետները:
Այս համատեքստում փորձագետները շեշտադրում են այն հանգամանքը, որ Թուրքիայում աճող ներքաղաքական անհամաձայնությունները կարող են լուրջ հարվածի տակ դնել մինչ այս Էրդողանի կողմից իրականացրած հավասարակշռման քաղաքականությունը, ինչը կարող է բերել նաև Թուրքիայի ակտիվ ներգրավվմանը իր սահմանների մոտ ընթացող հակամարտություններում:
«Քաղաքական շատ մարտահրավերներ նշանակություն չունեն աշխարհի համար, բայց այս մեկը ունի»,- ամփոփում են փորձագետները: