Չի կարող լինել այնպես, որ ՀՀ ՊՆ-ն կամ Արցախի ՊԲ-ն թաքցնեն հայկական կողմի զոհերը. Հովհաննիսյան
Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին ապատեղեկատվություն են տարածել, այս անգամ` «առաջնագծում նոր մատերի ու բախումների, Հայաստանի պաշտպանական գերատեսչության կողմից թաքցվող 5 կորուստների» մասին: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է այս տեղեկությունը` ընդգծելով, թե ադրբեջանական կողմն արդեն վաղուց է ապացուցել, որ ոչ մի դեպքում վստահելի չէ:
Panorama.am–ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը կրկին հիշեցրել է, որ զոհերի թաքցնելն ու տեղեկատվական դաշտում տարբեր տիպի սադրանքները հակասում են հայկական կողմի որդեգրած դիրքորոշմանը և որպես գործելու մեթող բացառված են:
«Հերթական, և հուսով եմ` վերջին անգամ հայտարարում եմ` ոչ մի դեպքում ու ոչ մի հանգամանքներում չի կարող լինել այնպես, որ ՀՀ ՊՆ-ն կամ Արցախի ՊԲ-ն թաքցնեն հայկական կողմի զոհերը, այն էլ` 5 զոհ: Մտածու՞մ եք այս թվի մասին: Նրանց, ով հետևում է առաջնագծում իրավիճակին, խորհուրդ եմ տալիս կարդալ ՀՀ ՊՆ ու ՊԲ պաշտոնական հաղորդագրությունները: Կոչ եմ անում հայկական ԶԼՄ-ներին ու համացանցային ռեսուրսներին չարտատպել ադրբեջանական աղբյուրների ապատեղեկատվությունը և չվերահեռարձակել հակահայկական քարոզչությունն ու հռետորաբանությունը մեր տեղեկատվական հարթակներում»,- հայտարարել է նա:
Մեր կողմից հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանական «Հաքքին.ազ» տեղեկատվական պորտալն ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի բնակիչների և «Հայաստանի ԶՈւ հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումների» զինծառայողների միջև արձանագրվել է դիմակայություն` հղում տալով իբր թե գյուղապետ Վիլեն Պետրոսյանի խոսքերին: Սակայն Panorama.-ի հետ զրույցում գյուղապետը հայտարարել էր, որ երբևէ նման բան չի ասել` ադրբեջանական աղբյուրի տեղեկությունը որակելով «բացարձակ անհեթեթություն»:
Նյութեր թեմայի շուրջ`
Արցախի Թալիշ գյուղի գյուղապետը հերքել է «զինված ընդհարման» մասին ադրբեջանական լուրը
ՊԲ. Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում մահացած հայ զինծառայողի վերաբերյալ
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական գյուղի` «հայերի կողմից գնդակոծվելու» մասին տեսնայութը զուտ ներկայացում է