«Մենք պատրաստ ենք». Դեմոյանը՝ Թուրքիայում ցուցահանդեսներ կազմակերպելու մասին
Աշխարհի բոլոր մայրցամաքների խոշորագույն երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվել և կազմակերպվում են ցուցահանդեսներ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում երեք խոշորագույն ցուցահանդես է բացվելու Փարիզում, Կալիֆոռնիայում, Մեխիկոյում: Ապրիլի 29-ին Փարիզի քաղաքապետարանում բացվելու է «Հայաստան 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագրով ժամանակավոր ցուցահանդես, որը կգործի մինչև հուլիսի 4-ը:
«Փարիզի քաղաքապետարանը մեզ բացառիկ հնարավորություն ընձեռեց՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ առանձին հավաքածուով ներկայանալ հենց Եվրոպայի կենտրոնում»,- ասաց Հ. Դեմոյանը:
Նա նշեց, որ ցուցահանդեսում ներկայացվելու են ցեղասպանության ցնցող դրվագներ ներկայացնող թանգարանային նմուշներ ու լուսանկարներ: Հ. Դեմոյանը վստահություն հայտնեց, որ մեծ հետաքրքրություն է առաջացնելու եվրոպացիների շրջանում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուից այս ցուցադրության մեջ ընդգրկված է շուրջ 150 ցուցանմուշ, որոնց մեծ մասն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանից դուրս, ներառում են ցեղասպանության զոհերի, վերապրողների անձնական իրեր, փաստաթղթեր, օրագրեր, լուսանկարներ, թերթեր, օտարերկյա նպաստամատույց կազմակերպությունների հանգանակության թողարկումներ և այլ բնօրինակ նյութեր:
Հ. Դեմոյանը նշեց, որ հաշվի առնելով այս ցուցադրություն կարևորությունը, թանգարանի հավաքածուի մի մասը տարվելու է Փարիզ, մյուս մասն էլ ընդգրկված է լինելու թանգարանի նոր ցուցադրությունում:
Փարիզի ցուցադրությանն առաջին անգամ ներկայացվելու է նաև ցեղասպանության վերապրած Ավրորա Մարդիգանյանի հավաքածուն: Հավաքածուում ընդգրկված են 1918 թ. Կալիֆոռնիայում Ավրորա Մարդիգանյանի դերակատարմամբ նկարահանված «Հոգիների աճուր» համր ֆիլմի պաստառները, լուսանկարները, անձնական իրերը, նրան նվիրված թողարկումները և բացառիկ այլ նմուշներ: Ապրիլի 8-ին Կալիֆոռնիայում է բացվելու ցուցահանդես, իսկ ապրիլի 16-ին՝ Մեխիկոյում:
Հ. Դեմոյանը նաև տեղեկացրեց, որ ապրիլի 20-23-ը Մոսկվայի Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում է բացվելու ցուցահանդես:
Թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղեկացմամբ, տարբեր երկրներից դիմում են իրենց՝ խնդրելով աջակցություն, նյութեր՝ իրենց մոտ ցուցահանդեսներ կազմակերպելու համար. «Հնարավորինս փորձում ենք աջակցել»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիայում որևէ միջոցառում նախատեսված է, Հ. Դեմոյանն ասաց, որ անցած տարի իրենց հետ սկսել էին բանակցություններ վարել թուրք առաջադիմական շրջանակից ներկայացուցիչներ՝ Ստամբուլում երկու ցուցադրություն կազմակերպելու համար. «Մենք պատրաստ ենք, երբ ստանանք ազդանշան. որ կա սրահ, ապահովում են անվտանգությունը, մենք այդ ցուցադրությունները կներկայացնենք»: