Գեղարքունիքի բուժհիմնարկների մոնիտորինգի արդյունքում թերություններ են հայտնաբերվել
Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ այս տարվա փետրվարին իրականացված ներհիվանդանոցային վարակների կանխարգելման հսկողության հետ կապված մոնիթորինգի արդյունքներում նշված դիտողությունները Գեղարքունիքի մարզի մասնագետներն ընդունել են:
Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, մոնիտորինգ է իրականացվել Մարտունու և Գավառի բժշկական կենտրոններում, Վարդենիսի և Սևանի հիվանդանոցներում, Ճամբարակի առողջապահության կենտրոնում ու Մարտունու ծննդատանը:
Արդյունքները ներկայացվել են քննարկման ժամանակ, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզի վեց բուժհաստատությունների տնօրեններ և առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող առողջապահական հիմնարկների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում վեր են հանվել ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումներն ապահովելու, արձանագրված թերությունները շտկելու հետ կապված խնդիրները: Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների տնօրենները նշել են, որ ակտում արձանագրված որոշ թերությունների հետ համաձայն են, որոշ հարցերի շուրջ ունեն առարկություններ, բայց ընդհանուր առմամբ ընդունել են դիտողությունները և ձեռնարկել թերությունների շտկման հետ կապված քայլերը, գտնելով, որ հաճախակի իրականացվող մոնիթորինգները զգաստացնում են իրենց, նպաստում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման կանոնների պահպանմանը և միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը նշել է, որ ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը կարևորագույն խնդիր է, որը ոչ մի դեպքում չպետք է աչքաթող անել: Նա հիշեցրել է Քաջարանում տեղի ունեցածը, երբ բժշկական կենտրոնում վիրահատվածների մոտ հայտնաբերվել էր Հեպատիտ-ց:
Մարզպետի տեղակալը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի վերացնել արձանագրված թերությունները, բարձրացնել հիվանդությունների կանխարգելման արդյունավետությունը և հասնել շոշափելի արդյունքների:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա