«Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդն է և պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար»
Փարիզում մարտի 28-ին մեկնարկել է Արևմտահայոց ազգային չորրորդ համագումարը, որին մասնակցել են պատվիրակներ, հրավիրյալներ և հյուրեր բազմաթիվ երկրներից:
Համագումարի բացման խոսքում Արևմտահայոց ազգային համագումարի խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, Սուրեն Սեյրատարյանն, անդրադառնալով Արևմտահայոց ազգային համագումարի պատմությանը, գործունեությանն ու նպատակին նշել է, որ արևմտահայության իրավունքները իրավական առումով հստակ և անշրջանցելի են, քանի որ հանձին արևմտահայության` կա պահանջող կողմ, որն ավելի զորեղ է, ավելի կայացած, քան 19-րդ կամ 20-րդ դարերում: Այս մասին հայտնում են համագումարից:
Համագումարին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Շանթ Չինչինյանը, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը և այլոք:
Ելույթներով հանդես են եկել Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության խորհրդարանի պատգամավորներ Ալի Հալոն և Երվանդ Էմինյանը, ասորական համայնքի ներկայացուցիչ Շաբո Աքգյուլը, Դերսիմի զազաների համայնքի ներկայացուցիչ, երաժշտագետ Միքայել Ասլանը և այլոք:
Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության խորհրդարանի պատգամավոր Ալի Հալոն իր ելույթում պաշտոնապես քրդերի անունից ներողություն է խնդրել հայերից` Հայոց ցեղասպանությանը քրդերի մասնակցության համար, միևնույն ժամանակ նշելով, որ քրդերն օգտագործվել են Օսմանյան կառավարության կողմից: Նա համագումարին հղել է Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության պատրաստակամությունը` աջակցելու արևմտահայոց պահանջատիրության գործընթացին:
Ասորական համայնքի ներկայացուցիչ Շաբո Աքգյուլն իր ելույթում նշել է, որ հայերի հետ միասին ցեղասպանության են ենթարկվել նաև ասորիները և կարևորելով նման համագումարի անցկացումը` փաստել ասորի և հայ ժողովրդի միասնական պայքարի անհրաժեշտության մասին: Նա իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովում ասորիների ու պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ:
Միջազգային իրավունքի մասնագետներ Լևոն Գրիգորյանն ու Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել են արևմտահայերի պահանջատիրության հարցում միջազգային իրավական հիմնախնդիրներին, Թուրքիայի իրավաջորդության ու Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի հանրապետության պատասխանատվությանն առնչվող միջազգային իրավական փաստաթղթերին ու հիմնահարցերին: Մասնագետները փաստել են, որ Թուրքիայի հանրապետությունը հանդիսանում է Օսմանյան կայսրության իրավահաջորդ, և կրում պատասխանատվություն Հայոց ցեղասպանության համար:
Արևմտահայոց Ազգային համագումարի խորհրդի գլխավոր քարտուղար Սևակ Արծրունին անդրադարձել է արևմտահայության իրավունքների վերաբերյալ պատրաստված զեկույցին` նշելով, որ նման ամբողջական փաստաթղթի ստեղծման վերաբերյալ որոշում կայացվել էր նախորդ համագումարին: Փաստաթուղթը պատրաստվել է փորձագիտական խմբի կողմից, որի կազմում ներառված են եղել միջազգային իրավունքի, պատմագիտության, քաղաքագիտության, թուրքագիտության, քրդագիտության, սոցիոլոգիայի և այլ ոլորտների հայ և օտարերկրյա մասնագետներ: Մասնագիտական հանձնաժողովի և Արևմտահայոց ազգային համագումարի նախորդ տարիների աշխատանքի գլխավոր եզրակացությունն այն է, որ արևմտահայությունը որպես մեկ միասնական պահանջատեր ամբողջություն, հետապնդում է հստակ, անժամանցելի և անշրջանցելի նպատակ` վերականգնել իր ժողովրդագրական և քաղաքակրթական գոյությունն իր Հայրենիքում` Հայկական լեռնաշխարհում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները