Գաբրիել Ղազարյանն ընդունել է Իրինա Ռոդնինային
Այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է գեղասահքի օլիմպիական եռակի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինային:
Նախարարը, ողջունելով հյուրին, իր հիացմունքն է հայտնել նրա մարզական փառավոր հաղթանակների, համաշխարհային մարզական ասպարեզներում գրանցած հաջողությունների, ինչպես նաև հասարակական և պետական արդյունավետ աշխատանքի կապակցությամբ: Գ. Ղազարյանը ներկայացրել է այն աշխատանքները, որոնք իրականացվում են նախարարությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, մասսայականացման և քարոզչության ուղղությամբ: Նրա խոսքերով՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը հարավային երկիր է, հետաքրքրությունը գեղասահքի նկատմամբ ավանդաբար մնում է շատ բարձր:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում գեղասահքի նոր դպրոցի կառուցման աշխատանքներին առնչվող հարցեր: Ի. Ռոդնինան ուրախությամբ տեղեկացրել է, որ մարզադպրոց ունենալու երազանքը, որը չիրականացավ իր հայրենիքում, կյանքի է կոչվում Հայաստանում: Լեգենդար մարզուհին նշել է, որ սերտորեն համագործակցելու է մարզադպրոցում աշխատող մարզիչների հետ, որոնք էլ, իրենց հերթին, մեծ սիրով ու պատասխանատվությամբ պատանի մարզիկներին են փոխանցելու իրենց հմտությունները: «Հայաստանը մարզական լուրջ ավանդույթներ ունեցող երկիր է, որն աշխարհին հայտնի է նաև իր լեգենդար մարզիկներով», Ռոդնինայի խոսքերը մեջբերել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Հանդիպմանը ներկա էին նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Անանյանը, նախարարի խորհրդականներ Տ. Միքայելյանը, Հ. Ղուկասյանը, Վ. Հովհաննիսյանը, ինչպես նաև մոսկվաբնակ վաստակաշատ մարզիչ, միջազգային կարգի մրցավար, ԽՍՀՄ սպորտի վարպետ Արտուշ Կասեմյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան