Իրանը բողոքի նոտա է հղել Թուրքիային
«Իրանի ԱԳՆ-ն Էրդողանի հայտարարության առնչությամբ բողոքի նոտա է հղել Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին»,-այդ մասին հաղորդում է իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս «Ֆրանս 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, այն հարցին, թե տարածաշրջանում (Սիրիա, Իրաք, Եմեն) Իրանի ունեցած դերակատարության մեծացումն արդյո՞ք անհանգստացնում է Թուրքիային, Էրդողանը մասնավորապես նշել է. «Կասկած չկա, որ Իրանը ցանկանում է վերահսկել ողջ տարածաշրջանը, իհարկե, դա դրական զարգացում չէ: Մենք Սիրիայի և Իրաքի հարցով խոսել ենք նրանց (իրանցիներ) հետ, սակայն առայժմ որևէ դրական տեղաշարժ չենք արձանագրել: Ինչ վերաբերում է «Իսլամական պետությանը», ապա Իրանն այդ հարցում անկեղծ չի գործում: Իրանը փորձում է «Իսլամական պետության» տնօրինման ներքո գտնվող տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանել և շիա-սուննի հակադրության ֆոնին գործողություններ կատարել»:
Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը, անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Իրանում Թուրքիայի դեսպանի բացակայության պատճառով արտգործնախարարություն է հրավիրվել Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բարիշ Սայգանը, որտեղ ԻԻՀ ԱԳ նախարարի՝ Ասիայի և Օվկիանիայի հարցերով տեղակալը վերջինիս ներկայացրել է իրանական կողմի բողոքը և ափսոսանք է հայտնել Թուրքիայի նախագահի՝ անտեղի հայտարարությունների առնչությամբ: Միևնույն ժամանակ իրանական կողմը պահանջել է, որպեսզի Թուրքիան Էրդողանի հայտարարությունների առնչությամբ հստակ և համոզիչ պարզաբանումներ տա»:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Թուրք-իրանական «հակամարտության» նոր դրսևորում. Էրդողանի՝ Իրան կատարելիք այցը հնարավոր է չեղյալ հայտարարվի