Դավութօղլուի գլխավոր խորհրդականը 1915-ին տեղի ունեցածն անվանել է ցեղասպանություն
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ:
Ermenihaber.am լրատվականը հայտնում է, որ ելույթի ժամանակ Մահչուփյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին:
Վարչապետի խորհրդականն այդ թեմայով մասնավորապես ասել է. «Ինչպես արդեն նշել եմ՝ ես ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում, քան հայ: Ես ազգայնամոլ չեմ: Բայց երբ հարցը վերաբերում է ցեղասպանությանը, ես օգտագործում եմ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, քանի որ գոյություն ունի ցեղասպանության սահմանում և տեղի ունեցածը համապատասխանում է այդ սահմանմանը: Եթե սահմանումը փոխեք, սա կարող է ցեղասպանություն չհամարվել: Շատերը գուցե կարող են ինձ չհասկանալ: Բայցևայնպես, ցեղասպանությունը ոչ թե պատմական, այլ իրավական բնորոշում է: Ցեղասպանությունն այնպիսի բան չէ, որը հնարավոր լինի դիտել, ասել՝ տես, այստեղ ցեղասպանություն կա: Կարող են բազմաթիվ բռնություններ տեղի ունենալ, և դրանց ամբողջությանը նայելով դրանք կարող են որակվել որպես ցեղասպանություն: Բայց ես, 1915-ին և դրանից հետո տեղի ունեցածով իսկապես շատ ավելի եմ հետաքրքրվում, քան միայն որակում տալն է: Ես կարծում եմ, որ ավելի կարևոր է տեսնել, թե պատմական ու հասարակական տեսանկյունից հայերի համար ինչ նշանակություն ունի թուրք ազգը, քան ուղղակի կառչել դեպքերի անվանումից: Այդ պատճառով ես դեմ եմ նաև հայ ազգայնամոլներին, քանի որ նրանք հանուն քաղաքականության հեռանում են իրականությունից և մարդկանց իրական վշտերից»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում