Ադամ Շիֆ. «Հարյուր տարի անց ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը «Հարյուր տարի անց ճանաչելով Հայոց ցեղասպանությունը» վերնագրով հոդված է գրել, որը ներկայացնում է «Ասպարեզ» պարբերականը:
«Հարյուր տարի առաջ Օսմանյան Կայսրությունը ձեռնարկեց հայերի ու ասորիների համակարգված կոտորածը, որի ժամանակ սպանվեց 1.5 մլն հայ, իսկ միլիոնավորներ հարկադրված էին հեռանալ իրենց նախնիների տներից:
Այդ ժամանակ չկար մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը նկարագրող բառը, թեև տարածաշրջանում աշխատող ամերիկացի պաշտոնյաները խնդիր չունեին իրենց տեսածները նկարագրելու համար: Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն զեկուցել էր, որ մարդկության ողջ պատմության ընթացքում սրա պես դաժան դրվագ չի եղել:
«Անցյալի մեծ կոտորածները և հետապնդումները աննշան են, երբ դա համեմատում ես 1915 թվականի հայերի տառապանքների հետ»,-ասել է Մորգենթաուն, ում մեջբերում է կոնգրեսականը:
Շիֆը նշում է, որ այդ բառը գոյություն չուներ, մինչև 1943 թվականը, երբ Ռաֆայել Լեմկինը հորինեց «ցեղասպանություն» տերմինը, որը նկարագրում է հայերի դեմ հանցագործության ուժգնությունը:
Հայ ժողովրդի բնաջնջման Թուրքիայի ջանքերը տապալվեցին, քանի որ հայ ազգը, ԱՄՆ-ում և ողջ աշխարհում գտնվող հայկական սփյուռքի միլիոնավոր անդամները շարունակում են հպարտ ապրել: Սակայն դժվար թե գտնվի մեկ հայ, ով չի կրում ընտանիքի անդամների կորուստը: Այսօր քիչ վերապրածներ կան, սակայն նրանք ապրում են Ցեղասպանության սարսափով: Այդ վերապրածները դեռ ապրում են մեզ հետ, ինչը ինձ խորը պարտավորություն է տալիս պայքարելու Ցեղասպանության ժխտման դեմ, որը Թուրքիայի կառավարության քաղաքականության մի մասն է:
Ցեղասպանության 100-րդ տարելիցը Ամերիկայի պատմության կարեկցանքի և աջակցության էջերը վերհիշելու առիթ է, երբ օրհասական այդ պահին միլիոնավոր հայերի օգնելու եկավ Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն (Near East Relief Foundation), որը փրկեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած միլիոնավոր տուժածների կյանքը, այդ թվում 130.000 որբերի: Մոտ 1000 ամերիկացիներ կառուցեցին որբանոցներ, մասնագիտական դպրոցներ և սննդի բաշխումների կենտրոններ», -գրել է կոնգերսականը` ընգծելով, որ անցած ամիս ինքը և իր 40 գործընկերները ներկայացրել են «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը», որը կոչ է անում որպես ցեղասպանություն ճանաչել 1915-1923թթ. ընթացքում տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև կոչ է արվում ԱՄՆ նախագահին հայ-թուրքական հարաբերությունները հիմնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վրա:
Շիֆն այնուհետ ցավով նշում է, որ Սիրիայի այն տարածքներում, որտեղ սպանվել են հարյուր հազարավոր հայեր, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը վերացնում է կրոնական փոքրամասնություններին, այդ թվում հայերին:
«Հայոց ցեղասպանությունը ճանաչելով` Նախագահը և Կոնգրեսը կհռչակեն, ոչ մեր կառավարությունը չի մոռանա այդ կորուստները և լուռ չի կանգնի մարդկության դեմ հանցագործությունների առջև:
Ծագումով հրեա ֆրանսիացի գրող Էլի Վիզելը մի առիթով գրել էր, որ ցեղասպանության ժխտումը ցեղասպանության վերջին գլուխն է: Այս առումով Հայոց ցեղասպանությունը շարունակում է 100 տարի անց խոցել իր զոհերին: Ամերիկան պետք է օգնի փակել այդ բաց վերքը»»,-եզրափակվում է հոդվածը: