«Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ահագնացման հետևանքով Մոլդովան այլևս չի կարող պահպանել չեզոքություն»
Ուկրաինայի շուրջ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ահագնացման հետևանքով Մոլդովան այլևս չի կարող պահպանել չեզոքություն: Անդրադառնալով Մոլդովայի վրա ուկրաինական ճգնաժամի ազդեցությանը`«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Բոգդան Ցիրդյան:
«Երկրի չեզոքությունը հարցականի տակ է: Ուժեղացել է կախվածությունը ԵՄ-ից և Միացյալ Նահանգներից: Մոլդովան գրեթե սինխրոն է գործում Ռումինիայի և Ուկրաինայի հետ: Ռուսաստանի և ԱՊՀ-ի նկատմամբ դիրքորումը դարձել է էլ ավելի սառը:Մոլդովական ԶԼՄ-ներում ուժեղացել է ռուսատյացությունը: Մտահոգիչ է նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումը, ինչպես նաև Մերձդնեստրում և Գագաուզիայում իրավիճակի ապակայունացմանը փորձերը»,- նշել է Բոգդան Ցիրդյան:
Բացի դրանից, ըստ բանախոսի, Մոլդովան կրում է նաև տնտեսական կորուստներ:
«Մոլդովական երկաթուղին, բեռնափոխադրողները, արտահանողները, զբոսաշրջային ընկերությունները միլիոնավոր դոլարներ են կորցնում: Կիևի քայլերի հետևանքով Մերձդնեստրը ընդհանրապես հայտնվել է տնտեսական շրջափակման մեջ: Տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը աճել է բազմակի անգամ: Եվ սա դեռ սկիզբն է»,- նշել է Բոգդան Ցիրդյան:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու այնուամենայիվ Մոլդովան չհայտնվեց Ռուսաստան-Արևմուտք հակամարտության կիզակետում, քաղաքագետը նշել է, որ Մոլդովան ունի ընդամենը 6 հազարանոց բանակ, չունի գեթ մեկ ռազմական ինքնաթիռ, տանկ և նույնիսկ ուղղաթիռ, իսկ ռազմական բյուջեն կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 0,3 տոկոսը:
«Ո՞ւմ հետ մենք պետք է պատերազմենք: Բացի դրանից Մոլդովան չունի լուրջ բնական ռեսուրսներ (նավթ, գազ և այլն), նշանակալի աշխարհաքաղաքական դիրք (ելք դեպի ծով և այլն): Մենք Արևմուտքին հետաքրքիր ենք միայն այն պատճառով, որ մեր տարածքի վրա է տեղակայված ռուսական 14-րդ բանակի սահմանափակ զորակազմը»,- ասել Բոգդան Ցիրդյան:
«Մոլդովան չեզոք երկիր է: Սակայն վերջին շրջանում ակտիվացել են երկրի իշխանական վերնախավի`Մոլդովան ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու ջանքերը: Եթե դա տեղի ունենա պատերազմից դժվար կլինի խուսափել»,- շեշտել է Բոգդան Ցիրդյան: