Իրանի ԱԳՆ-ն հերքել է Եմենին զենք տրամադրելու մասին տարածված տեղեկատվությունը
«Իրանի ԱԳՆ-ն հերքել է Եմենին զենք տրամադրելու մասին տարածված տեղեկատվությունը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը, հերքելով արևմտյան որոշ ԶԼՄ-ների տարածած այն հաղորդագրությունը, թե Իրանը զենք է տրամադրել Եմենին, մասնավորապես նշել է. «Իրանի և Եմենի ավիաընկերությունների միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ Իրանը բժշկական սարքավորումների և դեղորայքի տեսքով օգնություն է ցուցաբերել այդ երկրին: Ւրանի ցուցաբերած օգնությունը հանձնվել է Եմենի Կարմիր մահիկի կազմակերպությանը»:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը պահանջել է, որպեսզի միջազգային կազմակերպությունները, մասնավորապես Կարմիր խաչը օգնություն ցուցաբերեն Եմենի՝ օդային հարձակումներից տուժված բնակչությանը և քայլեր ձեռնարկեն, որպեսզի Սաուդյան Արաբիան դադարեցնի Եմենի վրա հարձակումները:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին, խիստ դատապարտելով Եմենի վրա Սաուդյան Արաբիայի կողմից իրականացրած օդային հարձակմանը, մասնավորապես նշել էր. «Այն, որ Սաուդյան Արաբիան նոր պատերազմ է հրահրում տարածաշրջանում, խոսում է իսլամական աշխարհում առկա խնդիրների հանդեպ անպատասխանատվության և անփութության մասին, Եմենի պատերազմի կրակի ծուխը կարող է հասնել Սաուդյան Արաբիայի աչքերին. Պատերազմը միշտ նույն կետում չի կարող մնալ»: