Բանակցությունները Իրանի միջուկային խնդրի շուրջ թևակոխել են վճռական փուլ
Այսօր լրանում է Իրանի միջուկային խնդրի շուրջ պայմանավորվածություն մշակելու վերջնաժամկետը, ինչի առթիվ երեկ Շվեյցարիայի Լոզան քաղաքում վերսկսվել են ինտենսիվ բանակցությունները ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու Չինաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների և Իրանի արտգործնախարարի միջև: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նախապատրաստվող համաձայնության հիմքում դրված է երաշխիքը, ըստ որի` Իրանում չի արտադրվի քայքայվող նյութերի այնպիսի քանակություն, որը բավարար կլինի միջուկային զենք ստեղծելու համար:
Ըստ բանակցությունների օրակարգի` Ուրանի հարստացման ծրագրից հրաժարվելու դիմաց Թեհրանը կազատվի առավել ծանր միջազգային տնտեսական պատժամիջոցներից:
Կողմերը կքննարկեն հնարավոր փոխզիջումները ուրանի հարստացման պրոցեսում ցենտրիֆուգների քանակության կրճատման շուրջ: Սահմանափակումները, որոնք նախատեսվում են ամրագրել փոխհամաձայնության մեջ, գործելու են առաջիկա 10 տարիների ընթացքում և կոշտ վերահսկողություն են սահմանելու Իրանի միրջուկային օբյեկտների նկատմամբ:
Չնայած բանակցություներում նկատելի առաջընթացին` կողմերը շարունակում են տարաձայնություններ ունենալ պայմանավորվածությունների իրականացման և պատժամիջոցները վերացնելու ժամկետների շուրջ:
«Ես չեմ կարող բացառել, որ բանակցությունների ընթացքում մենք չենք կանգնի նոր ճգնաժամերի առաջ»,-հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Իսկ Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն շարունակում է հանդես գալ նախազգուշական հայտարարություններով Ւրանի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ` հայտարարելով, որ նախապատրաստվող համաձայնագիրը կլինի ավելի վատը, քանի ինքը ակնկալում էր: