ԲՀԿ-ական պատգամավորը՝ Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունների մասին. «Ոչ մի խնդիր չկա»
«Մենք այսօր խմբակցությունում 33 հոգի ենք, չնայած 10-ն արդեն կուսակցությունից չեն, բայց մենք խորհրդարանում շարունակում ենք մնալ երկրորդ քաղաքական ուժը, մենք առաջ ենք շարժվելու՝ չբացառելով ոչ մի բան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Նա կոչ արեց ընդդիմությանը միասին պետական մտածողությամբ քաղաքականություն որդեգրել և կամաց-կամաց անցնել առաջ:
«Ես չեմ սիրում պարտվող ընդդիմություն, ընդդիմությունը պետք է արդյունքներ ունենա, որպեսզի առաջ շարժվի»,-ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է եռյակի հետ համագործակցությանը, պատգամավորն ասաց. «Եռյակի հետ մենք որևէ պայմանագիր չունեինք, մենք խորհրդարանական ձևաչափով էինք գործակցում: Եթե անհրաժեշտություն լինի, ունենանք ընդհանուր շահ, մոտեցում, կարող ենք նորից համագործակցել»:
Պատասխանելով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին, Մ. Մելքումյանն ասաց. «Մենք հարգում ենք Գագիկ Ծառուկյանին, նրա որոշումները, ոչ մի խնդիր չկա: Կամ ո՞նց կարող ենք չհարգենք մի մարդու, ով ԲՀԿ կայացման հարցում առանցքային դերն է ունեցել»:
Ինչո՞ւ ԲՀԿ-ն չի քննադատում կառավարությանը, վարչապետին, գուցե հովանավորվո՞ւմ է նրա կողմից հարցին ի պատասխան, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ չնայած իրենք կառավարությանը քննադատելու որևէ խնդիր չունեն, սակայն այլևս մերկապարանոց քննադատությունները մերժում են.«Այլևս անցել են այն ժամանակները, որ հնչում են առանց հիմնավորման, պետք է լուրջ մոտեցումներ ունենալ: Բոլոր քննադատությունները պետք է հիմնավորվեն խոր, համակողմանի, մասնագիտական գնահատականների վրա»:
Ինչ վերաբերում է հովանավորելու, նա նշեց, թե ԲՀԿ-ն հովանավորվելու կարիք չունի, դեռ իրենք կարող են ուրիշներին հովանավորել. «Դա ձեզ էլ լավ հայտնի է, չեմ ուզում փակագծերը բացել»: