«Չարությունից չեմ անցել սահմանը». Ադրբեջանում գտնվող զինծառայողը գրություն է փոխանցել
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) Բաքվի ներկայացուցիչները մարտի 30-ին հանդիպել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանն անցած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԿԽՄԿ լրատվության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին:
Նրա փոխանցմամբ, ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են, զրուցել նրա հետ և փոխանակվել ընտանեկան բնույթի տեղեկատվությամբ: Այլ մանրամասներ Ամատունին չներկայացրեց:
Փոխարենը մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի գյուղապետ Գարիկ Սարգսյանը: Նշենք, որ Անդրանիկը հենց այս գյուղի բնակիչ էր:
Պարոն Սարգսյանն ասաց, որ ինքն անձամբ կարդացել է նամակը:
«Գրել ա, որ մամ ջան, պապ ջան, ես չարությունից չեմ անցել սահմանը, եսիմ, ստացվել ա, չեմ իմացել՝ ինչ եմ արել: Լոխ լավ ա, մի քիչ էլ սպասեք կգամ, ցախը կառնենք, ձմեռվա ցախ կունենանք, լոխ լավ կըլնի: Մի ջղայանցեք իմ վրա», -գյուղապետի փոխանցմամբ, նամակում գրել է Անդրանիկը:
Անդրանիկը տանն ապրել է հոր և մոր հետ, հայրը հաշմանդամություն ունի, իսկ մայրն էլ, գյուղապետի փոխանցմամբ, առողջական որոշ խնդիրներ ունի: Քույրն ամուսնացած է: Ապրում են բավարար սոցիալական պայմաններում:
«Անցյալ տարի ավտո առան, պայմանագրային զինծառայող ա, նորմալ աշխատավարձ ստանում ա», -ներկայացրեց գյուղապետը, որի համար էլ էր տարօրինակ՝ ինչպես է ստացվել, որ տղան հատել է սահմանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ N զորամասի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի կողմից մարտական դիրքը թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից)։ Իսկ դեպքը տեղի էր ունեցել մարտի 22-ին ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանը, զենք-զինամթերքը թողնելով մարտական դիրքում, անցել է առաջնային գիծը և հայտնվել հակառակորդի կողմում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան