Հայաստանի հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկը և իր մարզիչը շփոթվում են իրենց արդարացումներում
Մոսկվայում աշխարհի գավաթի խաղարկության մրցանակաբաշխության ժամանակ երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբբասովը ներողություն է խնդրել առաջին հորզիոնականը գրաված հայ մարզիկ Աշոտ Դանիելյանից` հաղթողներին պարգևատրելուց հետո Հայաստանի Հանրապետության հիմնի հնչելու ժամանակ ցուցադրաբար կքանստելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանին, ով հայտարարել է, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը մոտեցել է իրեն և ներողություն խնդրել՝ հավաստելով, որ իրենք աշխատանքներ կտանեն մարզիկի հետ:
Հայկական ԶԼՄ-ներում այս հայտարարության հրապարակումից հետո ադրբեջանցի սամբիստի մարզիչը ևս փորձել է արդարանալ իր հայրենակիցների առջև, ընդ որում՝ հանդես գալով հակասական հայտարարություններով:
Այսպես, Ադրբեջանի սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Յաղուբ Աբդուլաևն ադրբեջանականան Sportbox.az պորտալի թղթակցի հետ զրույցում ընդգծել է, որ Բախտիյար Աբբասովը կքանստել է, քանի որ այդ պահին իրեն պարզապես վատ է զգացել:
Սակայն, ինչպես հաղորդում է Oxu.az կայքը, Բախտիյար Աբբասովը խոստովանել է, որ այդ մրցաշարը անցկացվել է մի քաղաքում, որտեղ «ապրում են բազմաթիվ հայեր», և նա միտումնավոր է կքանստել:
«Եթե նույնիսկ այդպիսի իրավիճակ կրկնվի, ես կրկին ոտքի չեմ կանգնի: Ես շատ մրցումների եմ մասնակցել և միշտ լսել եմ այլ երկրների հիմները: Բայց ես չեմ կարող կանգնած լսել Հայաստանի հիմնը: Եթե ադրբեջանցիներից որևէ մեկը ոտքի վրա կանգնած մնա, նշանակում է նա ադրբեջանցի չէ: Դա իմ անձնական կարծիքն է»,- հայտարարել է ադրբեջանցի մարզիկը՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ իր մոտ ոչ մի տեղ չի ցավել, ոչ մի գանգատ չի եղել, ինքնազգացողությունը վատ չի եղել, պարզապես նստել է, երբ հնչել է Հայաստանի հիմնը:
Նյութեր թեմայի շուրջ`
Ադրբեջանցի մարզիկը ներողություն է խնդրել Աշոտ Դանիելյանից
Ադրբեջանցի մարզիկը, որպեսզի հարգանքի տուրք չմատուցի Հայաստանի Հանրապետությանը, ծնկել է. Երկիրմեդիա (տեսանյութ)