
Զինված միջադեպ Ադրբեջանի ՌԾՈւ զորամասի զինապահեստի տարածքում. կա զոհ
Ադրբեջանի ՌԾՈւ զորամասերից մեկում զինված միջադեպ է արձանագրվել. երեք քաղաքացիական անձ` զինված դանակներով, ցանկապատի վրայով անցնելով, ներխուժել են զորամաս և հայտնվել սպառազինության ու զինամթերքի պահեստի հսկվող տարածքում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվական պորտալը` հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հայտնած տվյալներին:
Միջադեպը գրանցվել է սույն թվականի մարտի 31-ին` կեսօրվա ժամերին: Համաձայն Ադրբեջանի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնադրության` երկու օրինախախտները ձերբակալվել են, իսկ երրորդը փորձել է փախուստի դիմել` անտեսելով անգամ ժամապահի պահանջն ու վերջինիս նախազգուշական` դեպի օդ արձակված կրակոցը: Դրանից հետո օրինախախտի ուղղությամբ կրակ է բացվել:
Ինչպես պարզվել է ավելի ուշ, վիրավորը Բաքվի բնակիչ ոմն Շահվերդիև Զաֆար Չիրագ օղլուն է, որը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում: Ադրբեջանի ՌԾՈւ հսկվող օբյեկտի տարածք ներխուժելու փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն: