Զատիկի նախաշեմին հավկիթի պահեստավորված խմբաքանակները մտցվել են իրացման ցանց. Պիպոյան (տեսանյութ)
Զատիկին ընդառաջ մենք ամեն տարի ունենում ենք որոշակի ռիսկեր, թանկացումից սկսած մինչև որոշակի չարաշահումներ՝ հատկապես հավկիթի շուկայում»,-ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքերով, այս տարի պատկերը որոշակիորեն տարբերվում է նախորդ տարիներից. «Առաջին դրական փաստն այն է, որ էական գնաճ չունենք: Կան արտադրողներ, որոնք հավկիթի գինը թանկացրել են 5 դրամով՝ 60-ով վաճառվողը դարձրել են 65, բայց հիմնականում արտադրողները չեն թանկացրել, և թվում է թե շուկայում գինը նույնն է»:
ՀԿ նախագահը տեղեկացրեց, որոշ տեղերում նկատվում են հավկիթներ, որոնք շատ ցածր գնով են վաճառվում՝ 45-ից մինչև 55 դրամ՝ ընդ որում` այդ հավկիթները շատ փոքր չեն` միջին չափսի են: Հավկիթի շուկան այսօր ինքնաբավ է, ներկրումներ չեն եղել, ինչն ուղղակի ապացույցն է, որ պահեստավորված խմբաքանակները հիմա մտցվել են իրացման ցանց. «Ցավոք սրտի, շուկան չի ոսումնասիրվում` հայտնաբերելու համար պրոբլեմներ կան, թե` ոչ»:
Զատիկի հավկիթ ձեռք բերելիս Բ. Պիպոյանը հորդորեց անպայման ուշադրություն դարձնել դրա աղտոտվածությանը, հարթությանը, ստուգել թարմ է, թե` ոչ. «Հավկիթի կճեպը պետք է անպայման ճերմակ լինի, կաթնագույն լինելը նշանակում է, որ այն արդեն թարմ չէ: Հին հավկիթը լողացող ձայն է ունենում, զգում եք մեջի ամբողջ տեղաշարժը: Հին հավկիթը բարձրանում է ջրի երես»:
Բանախոսի ներկայացրած ուսումնասիրությունները ձկնամթերքի և կանաչեղենի շուկայի մասին՝ տեսանյութում: