Թուրքական ամսագրի ապրիլյան համարը նվիրված է Հայոց ցեղասպանությանը
Թուրքիայում «Evrensel Kültür» ամսագիրի ապրիլյան համարն ամբողջությամբ նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ermenihaber.am-ը, հղում ատլով թուրքական «Էվրենսել» լրատվական կայքին, տեղեկացնում է, որ ամսագիրը 100-ամյա ցավը և ամոթը քննելու է պատմության, մշակույթի և արվեստի դիտանկյունից: Հասկանալու համար, թե թուրքերը առանց հայերի ինչ են կորցրել, պետք է հարցը քննեն ոչ միայն խղճի և բանականության, այլև պատմության, լեզվի, արվեստի, արհեստների, գրականության և մյուս «հարստությունների» պրիզմայի միջով , որոնք մարդուն մարդ են դարձնում են:
Ամսագրում հրապարակվելու են հայտնի լրագրողների, գրողների հոդվածները, որոնք կներկայացնեն հայերի բացակայությունից առաջացած դատարկությունը: Ընթերցողի դատին են հանձնվելու հոդվածներ, որոնք պատմելու են տարբեր բնագավառներում հայերի ունեցած ներդրումների մասին: Մասնավորապես բանասեր Նեջմիյե Ալփայն իր հոդվածում ներկայացնելու է լեզվագիտության բնագավառում հայ լեզվաբանների ունեցած դերի մասին՝ սկսած Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին գլխավոր քարտուղար Հակոբ Դիլաչարից (Մարթայան) մինչև Սևան Նիշանյան:
Նաև կլինեն հոդվածներ`նվիրված թուրքական կինոյի հայ վարպետներին, թուրքական թատրոնում հայերի դերակատարությանը, հայկական երաժշտությանը, թուրքական վիպագրության մեջ հայի կերպարին և Հայոց ցեղասպանության ընկալումներին:
Ամսագրում կներկայացվի «20 կախաղան» հուշապատումի մասին պատմող հոդված: Հեղինակը հայ հոգևորական Գալուստ Պողոսյան է, ով գրել է 1915 թվականին Հնչակյան կուսակցության 20 անդամների մահապատժի մասին, որին անձամբ է ականատես եղել: Գիրքն առաջին անգամ հայարեն տպագրվել է 1921 թվականին: Այժմ «Էվրենսել» հրատարակչությունը պատրաստվում է գիրքը հրատարակել թուրքերեն: