«Ալիևի ավտորիտար վարչակարգն օգտագործում է Եվրոպական խաղերը սեփական ամբիցիաները բավարարելու համար»
«10 շաբաթ անց մեկնարկելու են Եվրոպական խաղերը` մարդու իրավունքները խախտող Ադրբեջանի վարչակարգի պրեստիժ մի նախագիծ: Զուգահեռ սաստկանում է Եվրոպական օլիմպիական կոմիտեին ուղղված քննադատությունը»: Այս մասին գրում է Frankfurter Allgemeine Zeitung գերմանական թերթը:
Նախքան հունիսի 12-ին կայանալիք Եվրոպական խաղերի բացման արարողությունը` Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Գերմանիայի օլիմպիական սպորտային կոնֆեդերացիայի (DOSB) ներկայացուցիչների հետ հանդիպմանը մատնանշել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումները:
«Խաղերը չեն հանգեցրել Ադրբեջանում քաղաքականության փոփոխմանը: Ընդհակառակը, Ադրբեջանում իրավիճակն ավելի վատ է, քան մեկ տարի առաջ»,- թերթի հետ զրույցում ասել է իրավապաշտպան կազմակերպության` Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
«Բացի այդ, հիասթափեցնում է այն հանգամանքը, որ այլ Ազգային օլիմպիական կոմիտեները մինչ օրս չեն արձագանքում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին»:
Ըստ հոդվածի` Նիդեռլանդների օլիմպիական կոմիտեի մամուլի քարտուղարը նկատել է, որ «օլիմպիական արժեքները Եվրոպական խաղերի անքակտելի մասնիկն են, և ընդունող երկիրը պատասխանատվություն է կրում այդ արժեքների պահպանման համար»:
Իսկ ահա Նորվեգիայի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչը մանրամասնել է, թե Եվրոպական խաղերին տարբեր մարզիկների մասնակցությունը «ինքնին լուսաբանում է Բաքվում մարդու իրավունքների խախտումների խնդիրը»:
Համաձայն հոդվածի` DOSB-ի ներկայացուցիչ Քրիստիան Կլայեն միակն է, որ անհանգստություն է հայտնել Ադրբեջանում կատարվող իրադարձությունների առնչությամբ` խոստանալով սույն հարցը բարձրացնել Բաքվում:
Թերթը գրում է, որ հետսովետական այդ երկրում 60-ականների վերջից ի վեր կառավարում է Ալիևների կլանը: Այդտեղ 2014 թվականին ձերբակալվել են հայտնի լրագրողներ ու իրավապաշտպաններ, որոնց թվում` Լեյլա ու Արիֆ Յունուսները, Խադիջա Իսմայիլովան:
Նշվում է նաև, որ վերջերս Amnesty International կազմակերպության կողմից հրապարակված տեսագրությունում ձերբակալված իրավապաշտպաններ Յունուսների դուստրը` Դինարա Յունուսը, հարց է ուղղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. «Պարոն նախագահ, Դուք կարո՞ղ եք բացատրել ինձ, թե ինչու է իմ մայրը ձերբակալվել այն բանից հետո, երբ քննադատության է ենթարկել Եվրոպական խաղերը»:
Ինչպես ընդգծված է հոդվածում, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր հերթին մամուլի ազատության իր վարկանշային աղյուսակում Ադրբեջանը զետեղել է 162-րդ հորիզոնականում 180 երկրների շարքում, իսկ ահա «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) դեռևս ուրբաթ օրը նշել է, որ Ադրբեջանը գրավում է 9-րդ տեղը ձերբակալված լրագրողների առավել մեծ քանակ ունեցող պետությունների շարքում:
Ասվում է նաև, որ Ալիևը, լինելով երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը, օգտագործելով Եվրոպական խաղերը, փորձում է առաջ մղել իր պետության սպորտային-քաղաքական ամբիցիաները:
«Անցած շաբաթ Ալիևն ասել է, թե երկար տարիներ շարունակվում է իր երկրի դեմ արշավը, որին վերաբերում է նաև ՀԿ-ների քննադատությունը»:
Die Weltpolitik-ը, անդրադառնալով թեմային, գրում է, որ Ալիևը ղեկավարվում է ոչ թե «միջազգային իրավունքով, այլ երկերեսանիությամբ, երկակի ստանդարտներով, խտրականությամբ, ռասսիզմով, իսլամատյացությամբ ու այլատյացությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան