The Fresno Bee. Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԼՂՀ-ն պաշտպանելու է իր ազգային անկախությունն ու սուվերենությունը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո վարչական շրջանի դիտորդական խորհրդի անդամ Անդրեաս Բորջեասը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին լինելու է քաղաքական դիտորդ: Այս մասին հայտնում է The Fresno Bee հրատարակությունը:
«Ի հեճուկս Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից գործադրվող դիմակայության` հայաբնակ Լեռնային Ղարաբաղն ընտրություններ է անցկացնելու` պաշտպանելով իր ազգային անկախությունն ու սուվերենությունը»,- ասված է հոդվածում: Նաև նշվում է, որ Բորջեասը ժամանելու է Ստեփանակերտ սույն թվականի ապրիլի 25-ին: Հրավիրվածների շարքում են այդ թվում 2 ներկայացուցիչ ԱՄՆ-ից, ինչպես նաև Մեքսիկայի, Արգենտինայի ու Կանադայի ներկայացուցիչներ: Նրանք գնահատելու են Լեռնային Ղարաբաղի ընտրությունների համապատասխանելիությունը միջազգային չափանիշներին:
Համաձայն նյութի` ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը պաշտոնական հրավերում նշել է, որ մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններին Լեռնային Ղարաբաղի բնակիչներն անկախության հռչակումից հետո վեցերորդ անգամ են իրացնելու ձայնի իրենց իրավունքը: «Մեզ համար գալիք ընտրությունները հերթական հնարավորությունն են հաստատելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների հակվածությունը հիմնարար ազատություններին, ուստի մենք մեծ նշանակություն ենք տալիս ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությանը»,- գրել է Ղուլյանը:
Հոդվածում մատնանշվում է, որ ընտրություններն անցկացվելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից անմիջապես հետո: Բորջեասն ընդգծել է, որ այդ հանգամանքը մեծ բան է նշանակում: Արևմուտքում` թուրքերի, իսկ Արևելքում` ադրբեջանցիների հարևանության ներքո բնակվող հայերի իրավիճակը շարունակում է անհանգստություն առաջ բերել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքը ապրիլի 23-ին ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ֆրեզնոյի շրջանը դարձավ Կալիֆորնիա նահանգի առաջին շրջանը, որ ճանաչեց ԼՂՀ-ի անկախությունը: Շրջանի ղեկավար խորհուրդն ընդունել էր Բորջեաս Անդրեասի հեղինակած բանաձևը, որով ճանաչվում է ԼՂՀ-ի անկախությունը՝ այն ներկայացվելով որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընկած պատմական հայկական շրջան: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` փաստաթղթում քաղաքային խորհուրդը կոչ է անում ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի օրենսդիրներին, Կոնգրեսին և ԱՄՆ նախագահին «սատարել Արցախի ժողովրդի ինքնորոշումը, ժողովրդավարական անկախությունն ու ճանաչել նրա կառուցողական ընդգրկումը միջազգային ասպարեզում»: Բանաձևի այլ դրույթով Կոնգրեսին ու ԱՄՆ նախագահին կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու պարտավորություն ստանձնել ապագա սերունդների Հայոց ցեղասպանության փաստն անաչառ ներկայացնելու հարցում»:
Հավելենք նաև, որ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սենատը 2014 թվականի օգոստոսի 27-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը: Կալիֆորնիայի Սենատը նաև որոշել է բանաձը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին նպաստեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը:
Նյութեր թեմայի շուրջ`
Արցախի նախագահը` խորհրդարանական ընտրությունների մասին
Կալիֆորնիայի սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը
«The Fresno Bee». Ֆրեզնոյի կողմից ԼՂ ճանաչումը հանգեցրել է միջազգային առճակատման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան