Իրանցի պատգամավոր. Ռեջեփ փաշան մասնակից է եղել Սիրիայում 130 հազար անմեղ մարդկանց սպանությանը
«Ռեջեփ փաշան պետք է հրաժարվի նեօսմանիզմի գաղափարախոսությունից և ներողություն խնդրի տարածաշրջանի մեծ ազգերից»,-այդ մասին իրանական «Վաթանխահան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը:
Իրանցի խորհրդարանականն անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օրերս Իրանի հասցեին արած հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Էրդողանը կարծում է, որ կարող է որպես հաղթող սուլթան տեղ զբաղեցնել մյուս սուլթանների շարքում, սական Ռեջեփ փաշան պետք է հրաժարվի նեօսմանիզմի գաղափարախոսությունից և ներողություն խնդրի տարածաշրջանի մեծ ազգերից»:
Շարունակելով խոսքը՝ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահը հավելել է. «Ռեջեփ փաշան, միջամտելով տարածաշրջանի երկրների ներքին գործերին, մասնակից է եղել Սիրիայում ավելի քան 130 հազար անմեղ մարդկանց սպանությանը: Կարծում եմ ներկա պայմաններում Էրդողանը պարզապես չի կարող այցելել Իրան»:
Իրանի Մեջլիսի մեկ այլ պատգամավոր Մոհամմադ Էսմայիլ Սայիդին էլ հայտարարել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը պետք է հանդես գա հայտարարությամբ և Էրդողանի սուտ հայտարարությունների պատճառով կանխնի նրա այցն Իրան:
Հիշեցնենք, որ իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ֆրանս 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, այն հարցին, թե տարածաշրջանում (Սիրիա, Իրաք, Եմեն) Իրանի ունեցած դերակատարության մեծացումն արդյո՞ք անհագստացնում է Թուրքիային, Էրդողանը մասնավորապես նշել է. «Կասկած չկա, որ Իրանը ցանկանում է վերահսկել ողջ տարածաշրջանը, իհարկե, դա դրական զարգացում չէ: Մենք Սիրիայի և Իրաքի հարցով խոսել ենք նրանց (իրանցիներ) հետ, սակայն առայժմ որևէ դրական տեղաշարժ չենք արձանագրել: Ինչ վերաբերում է «Իսլամական պետությանը», ապա Իրանն այդ հարցում անկեղծ չի գործում: Իրանը փորձում է «Իսլամական պետության» տնօրինման ներքո գտնվող տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանել և շիա-սուննի հակադրության ֆոնին գործողություններ կատարել»:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, արձագանքելով Թուրքիայի նախագահի վերոնշյալ հայտարարությանը, նշել է. «Այն մարդիկ, որոնք իրենց ռազմավարական սխալների և հավակնոտ քաղաքականության արդյունքում անդառնալի կորուստներ են ունեցել, լավ կլինի պատասխանատու քաղաքականությամբ նպաստեն տարածաշրջանում կայունության հաստատմանը»:
Թեմայի առնչությամբ վերլուծություն՝
Թուրք-իրանական «հակամարտության» նոր դրսևորում. Էրդողանի՝ Իրան կատարելիք այցը հնարավոր է չեղյալ հայտարարվի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում