«...Մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ ասի` թատրոնն է». Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է (լուսանկարներ)
«Խորենը տասնամյակներ շարունակ կռիվ է տվել էկրանի, բեմի վրա՝ իր դեմ, հասարակարգի դեմ, գրաքննության դեմ՝ հանուն ճշմարտության, գեղարվեստական ճշմարտության: Նա այն փայլուն դերասաններից է, որոնք շատ չեն՝ երեք-չորս հոգի են: Մենք ունենք մեծություններ, որոնք եկան, հետո հեռացան, բայց աշխարհը չիմացավ նրանց գոյության մասին»,- ասել է թատերագիր Պերճ Զեյթունցյանը:
85 տարի առաջ այս օրը Երևանում ծնվել է Գևորգը, Ռոստոմը, Պավլեն, Արմենը, Մյասնիկյանը Տեր-Ավետիսը, Արան, Կորիոլանը, ...նույն ինքը՝ Խորեն Աբրահահամյանը:
Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ. և ընդունվելԳ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ , Արշակ թագավոր, Կորիոլան, Մյասնիկյան, Գայ, Ռաֆո Ավետյան և այլն)։ 1979–1984թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988–1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985–1988թթ. Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980–1995թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Թատրոնում ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ա.Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գ.Բորյանի «Կամրջի վրա»),Արամ (Ա.Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վ.Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»)։ Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով՝ Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թ.), Ռոստոմ («Տերը», 1968 թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թ.), Մյասնիկյան («Երկունք», 1977 թ.), Տեր Ավետիս («Հուսո աստղ», 1978 թ.), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թ.) և այլն։ Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»։
Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա» , Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին» Ա.Քալանթարյանի «Թիկունք», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», և այլ ստեղծագործություններ։ 2000թ. բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը։ Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո- և հեռուստաբեմադրությունների (Մ. Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն)։ Հայտնի էր նաև որպես ասմունքող։
Խ. Աբրահամյանը մահացել է 1994 թվականին, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։
«Մի օրենք կա, որ չպետք է խախտել` ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտն էսօր շատ է: Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի ու բացահայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խոսք ունի` դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում` դերասանություն: Իսկ լավը, վստահ եմ, կգա, որովհետև առանց մեծ թատրոնի կյանք գոյություն չունի: Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ ասի` թատրոնն է»,- ասել է Խորեն Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան