Հրաչ Մուրադյանի սպանության գործով նախաքննական մարմինը առաջին օրվանից է փակուղում հայտնվել. Փաստաբան
2013 թվականի ապրիլի 3-ին սպանված Արագածոտնի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար, Դաշնակցության անդամ Հրաչ Մուրադյանի սպանության գործով նախաքննական մարմինը՝ Հայաստանի քննչական կոմիտեն, առայժմ առաջընթաց չունի: Գործով միակ կասկածյալ պռոշյանցի Արայիկ Պետրոսյանն ազատ էր արձակվել դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին, քանի որ «նրա կողմից Հրաչ Մուրադյանին ապօրինաբար կյանքից զրկելու հանգամանքը չի հաստատվել»:
«Այն, ինչ գիտենք 2014 թվականի դեկտեմբերին, դա է, որևէ նորություն չկա: Ցավոք սրտի, ֆորմալ առումով նրա վրայից մեղադրանքը չի հանվել, բայց քննչական որևէ գործողություն, որևէ քայլ, որը կատարվում է այս գործով, մենք տեղեկություն չունենք», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արայիկ Պետրոսյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Նորիկ Նորիկյանը՝ ընդգծելով, որ գործով նախաքննություն իրականացնող մարմինը իր պաշտպանյալին հավելյալ հարցաքննությունների չի կանչել:
Հիշեցնենք՝ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր 2013-ի ապրիլի 2-ին, գյուղապետարանի դիմաց: Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր պռոշյանցի Արայիկ Պետրոսյանը, որին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
«Վարույթն իրականացնող մարմնի տրամաբանությունը Արայիկ Պետրոսյանին որպես մեղադրյալ պահելու վերաբերյալ, ինձ համար անհասկանալի է: Բայց սպասում ենք համապատասխան որոշման»,-ասաց Նորիկյանը:
Նա նշեց, որ առայժմ չի պատրաստվում վիճարկել նախաքննական մարմնի անգործությունն այս գործի շրջանակներում, քանի որ որպես հակափաստարկ նրանք կարող են պատճառաբանել, թե իրականացնում են քննչական գործողություններ, որոնք գաղտնի են և չեն հրապարակվում նախաքննության շահերից ելնելով:
«Այլ խնդիր է, որ աստիճանաբար մոտենում է ողջամտության սահմանը, և վարույթն իրականացնող մարմինը գործին պետք է լուծում տա, մենք երկար չենք կարող սպասել»,- հավելեց Նորիկյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ նախաքննական մարմինը հայտնվել է փակուղում, քանի որ շուտով արդեն երկու տարի է, որևէ առաջընթաց չկա գործում, փաստաբանը պատասխանեց. «Վարույթ իրականացնող մարմինը ի սկզբանե է հայտնվել փակուղում. իրենք իրենց առաջին իսկ օրվանից սահմանափակեցին առաջ քաշած վարկածների մեջ կենտրոնացան ամենաանհավանական վարկածի վրա, ինչի արդյունքում ունեցանք մինչ օրս չբացահայտված ծանր հանցագործություն»:
Այս գործի չբացահայտումը, ըստ փաստաբանի, իրավապահների նկատմամբ անվստահությունն ավելի խորացրեց:
Նախորդող հրապարակում՝
Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանն ազատ է արձակվել, բայց նրա նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները