Վարչապետն ընդունել է նաիրիտցիներին. «Մենք ինչ խոստացել ենք, կատարել ենք»
Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից ու Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց, թե նաիրիտցիների առաջ քաշած խնդիրների լուծման ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում։
Վարչապետի խոսքով, նաիրիտցիները ցանկանում են հանդիպել, և պետք է հասկանա, թե ինչ պատասխանի նրանց՝ պարտքերի հետ կապված։
«Պետք է արձանագրենք, որ մենք ինչ խոստացել ենք, կատարել ենք: Ես ուզում եմ, որ բոլորը տեղյակ լինեն ու փողոցային խոսակցությունների տեղիք չտան: Մեր վերջին հանդիպման ժամանակ իրենց ասել եմ, մեր պայմանավորվածությունը եղել է, որ մինչև տարեվերջ վճարելու ենք ամեն ամսվա աշխատավարձերը, մեկ անգամ էլ լրացուցիչ, իրենց խնդրանքով վճարել ենք փետրվար ամսին: Պայմանավորվածություն է եղել նաև, որ այլևս մեզ չդիմեն, գնան, իրենք բաժնետերեր ունեն, խորհուրդ ունեն ու այնտեղ որոշեն, սա կառավարության պարտքը չէ: Մենք իրենց վատ ու անփույթ աշխատանքի արդյունքում կառավարության վրա լուրջ բեռ ենք ավելացնում, իսկ այս ծանր տնտեսական պայմաններում այդպիսի բեռ վերցնելն անընդունելի է»,- նշեց վարչապետը:
Ե. Զախարյանը հայտեց, որ նաիրիտցիների պարտքը կփակվի այն դեպքում, երբ գույքը վաճառվի. «Իրենց խնդրանքն է, որ կառավարությունը որոշակի վճարումներ անի, մինչև գույքի վաճառքը կլինի»:
Վարչապետն իր խոսքում նշեց, որ «Նաիրիտ»-ի վերագործարկումը կլինի միայն այն դեպքում, երբ հասկանան, որ դա արդյունավետ է, ոչ թե նախկինի նման անշահավետ լինի. «Այսօր ձեր համակարգում, իհարկե, ոչ ձեր պատճառով, բայց կան մեծ պրոբլեմներ, այդ ճահիճը պետք է վերացնենք ու հասկանանք, թե ոնց ենք վերացնելու։ Հիմա դուք ուզում եք նորից բեռ վերցնել: Մենք ահագին բեռ ենք վերցրել, ամեն ամիս, ինչ նոր կառավարությունը ձևավորվել է, մոտ 400 միլիոնի չափ աշխատավարձ ենք վճարել լրացուցիչ: Մենք դրա պարտավորությունը չունենք»:
Մինչ ընթանում էր կառավարության նիստը, դրսում նաիրիտցիները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում: Նիստի ավարտից հետո նաիրիտցիներին ընդունեց վարչապետը: